Հայաստանի դեսպանը Լիբանանի բանակի հրամանատարի հետ խոսել է բանակաշինության խնդիրներից

Armenpress 15:18, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժոզեֆ Աունի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Ժոզեֆ Աունին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ գործունեություն:

Ժոզեֆ Աունը ներկայացնրեց Լիբանանի բանակի առջև ծառացած խնդիրները, որոնք առնչվում են երկրի սահմանների և ներքին անվտանգության ապահովմանը:

Քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և առաջիկայում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցեր: Երկուստեք անդրադարձ կատարվեց բանակաշինության խնդիրներին՝ արդի մարտահրավերներին դիմակայելու պատրաստականության տեսանկյունից:

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ներկա ռազմական իրավիճակի, Արդբեջանի կողմից մշտապես ձեռնարկվող սադրանքների և ապակայունացնող գործողությունների մասին:

Նպատակահարմար դիտարկվեց առաջիկայում փոխայցելությունների միջոցով խթանել երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am