Հայաստանում կնվազեցվեն սողանքային աղետների ռիսկերն ու վնասները

Armenpress 16:46, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության սողանքային աղետների կառավարման պլանին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլև խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև հանրապետությունում և հարևան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարևորագույն միջոց: 

«Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր և հետևողական համապատասխան հետազոտություններ և դիտարկումներ, ինչն անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Սողանքային աղետի կառավարման պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները՝ ձեռնարկելով համապատասխան հակասողանքային միջոցառումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am