«Նոր գիրք»-21/21. Հրատարակություններ մարդու, կյանքի, սպորտի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր:
Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի պատմվածքները մարդու մասին են։ Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնությունն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։ Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, մեր սիրո ու նվիրումի մոլորակը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մեր սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված այս չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ, սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։ Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն իր սիրելի ընկերոջ, որ Լինան և բոլոր լյոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքը։ Թարգմանությունը շվեդերենից` Աշխեն Բախչինյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։
Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։ Թարգմանիչներն են Անահիտ Մեսրոպյանը, Սերգեյ Մկրտչյանը, խմբագիրը՝ Արմեն Ամիրխանյանը: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում