«Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի տպագիր տարբերակը շուտով հասանելի կդառնա հանրությանը
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ստորագրեցին պայմանագիր «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի արևելահայերեն տարբերակի տպագրման մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրաֆիկական վեպը ստեղծվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիմնադրված Yelling անիմացիոն ստարտափի կողմից` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ:
Ստարտափի համահիմնադիր, կոմիքսի նկարազարդող և սցենարիստ Լևոն Բաղդասարյան նշեց, որ այն պատմում է պատանիներ Եզնիկի և Կորյունի մասին, որոնց հանգիստ կյանքը խաթարվում է իրենց ուսուցչի` Մաշտոցի կողմից, ով աշակերտներին ներքաշում է արկածներով ու փորձություններով լի ճամփորդության մեջ` ձեռնամուխ լինելու իրենց կյանքի մեծագույն առաքելությանը:
«Վեպը կիսով չափ փաստագրական է, կիսով չափ՝ հորինվածք: Վարդապետի պատմությունը վերաիմաստավորել ենք ժամանակակից միջոցներով` ստեղծելով գրաֆիկական պատում, որը խոսում է երիտասարդներին գրավիչ լեզվով»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ասաց՝ ուրախ են, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը և «Անտարես» հրատարակչությունը իրենց գործընկերներն են այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում:
«Մաշտոցի կերպարի և հայոց գրերի ստեղծման գյուտի նորարար բնույթը ներկայացնելը կարդացողին հնարավորություն կտա վերագտնել կապն այդքան անհաս թվացող իրադարձությունների հետ»,-նշեց Փափազյանը:
«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք մշտապես բաց են հետաքրքիր համագործակցությունների ու նոր նախաձեռնությունների համար, և վստահ են, որ այս համագործակցությունը ևս արգասաբեր կլինի:
«Ուրախ եմ, որ շատ շուտով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ հանրությանը կներկայացնենք բոլորովին նոր և ինքնատիպ գրաֆիկական վեպ, որն անդրադարձ է կատարում հայ մեծերից Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու գործունեությանը՝ նրան բոլորովին նոր ձևաչափով ներկայացնելով ընթերցողին»,-ասաց Մարտիրոսյանը։
Կոմիքսի հրատարակումը կիրականացնեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և «Անտարես» մեդիա հոլդինգը՝ ընթացիկ տարվա ընթացքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում