Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ. վարչապետ

Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն 
շրջանակ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միշտ էլ պատրաստ է եղել ներկայացնել բանակցային գործընթացի մանրամասները և այդ մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը այս մասին ասաց, պատասխանելով Հանրային հեռուստանընկերության լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ համատեղ լուծումներ գտնելու առաջարկին, պատրաստ է արդյոք նախկին նախագահների հետ հանդիպել և ներկայացնել բանակցային նյուանսները:

«Պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում, որովհետև եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունը ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրա պետք է ինչ-որ բանի համար օգնել պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը և անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը և այդ պատասխանատվությունը պատրաստ ենք վերցնել: Եվ այդ պատասխանատվությունը ստացել ենք մեր ժողովրդից»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ լինելուն՝ վարչապետը նշեց, որ բանակցային գործընթացի մասին ընդհուպ տառերի և նախադասությունների մակարդակով տեղյակ է բավականին լայն շրջանակ: 

«Օրինակ՝ մեր թիմակիցները տեղյակ են, մենք խորհրդարանական կառավարմամբ երկիր ենք և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ամբողջությամբ տեղյակ է, Անվտանգության խորհուրդը ամբողջությամբ տեղյակ է: Ավելին ասեմ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են: Ընդհանրապես, ես հարկ եմ համարել և համարում, որ գուցե մի քիչ ընդգծելու համար եմ ձևակերպում, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած նախադասությունից անտեղյակ չէ: Ինքը տեղյակ է: Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հանդիպած անձանց մի մասը տեղյակ է ամբողջությամբ բանակցային գործընթացից, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է:

«Ինչո՞ւ, որովհետև միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցությունները ամբողջությամբ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներն են և նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ: Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև այդ տեղեկատվությունը կիսում են արտախորհրդարանական ընդդիմության ուժերի ներկայացուցիչների հետ: Ժամանակին հրավեր է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի»-ն, նրանք հրաժարարվել են այդ ֆորմատին մասնակցել:

Նկատի ունեմ, մարդկանց շատ լայն շրջանակ է տեղյակ, որովհետև ենթադրում եմ, որ նաև այդ քաղաքական ուժերը նաև իրենց կուսակցություններին են տեղյակ պահում և այդպես շարունակ: Պատկերացրեք, եթե հարցերի բոլոր մանրամասները ես ներկայացնում եմ մարդկանց այսպիսի լայն շրջանակի, սա նշանակում է, որ ես պատրաստ եմ շատ ուղիղ և բաց տեքստով ներկայացնել մեր ժողովրդին։ Ինչո՞ւ չեմ անում, որովհետև դիվանագիտական կոռեկտությունը և էթիկան թույլ չի տալիս, որ ես բաց և բոլոր մանրամասները ներկայացնեմ: Ինչ-որ դռնփակ ֆորմատով կարող եմ պատմել, խնդրելով հանդիպման մասնակիցներին իրենց հերթին կոռեկտության սահմանը չխախտեն և չբացահայտեն»,-եզրափակեց Փաշինյանը:

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում էր ընդունվել շարունակել հանդիպումները: Ավելի ուշ, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լևոն Տեր- Պետրոսյանը պնդեց՝ ո՛չ ինքը, ո՛չ մյուս նախկին նախագահներն ու Վեհափառը տեղեկատվություն չունեն, թե ինչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը Հայաստանին ինչ են առաջարկում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am