Նախագահն Արցախի զորակցությունն է հայտնել Սիրիայում երկրաշարժից տուժած հայերին. Հարությունյանի և Արամ Ա-ի հեռախոսազրույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։
«Նախագահ Հարությունյանը մեծ ցավով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ, արցախահայության զորակցությունը փոխանցել բնական աղետից տուժած հայ ընտանիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար:
Ըստ աղբյուրի՝ Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ միայն անկոտրում կամքով և կուռ միասնությամբ կհաջողվի հաղթահարել ծառացած մարտահրավերները և կանխել հումանիտար աղետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում