Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Երաժշտությունը բուժում է ցավերը, հոգին. ջութակահար Արա Մալիկյանի երևանյան համերգների հասույթը կուղղվի հինգ ընտանիքի

Երաժշտությունը բուժում է ցավերը, հոգին. ջութակահար Արա Մալիկյանի 
երևանյան համերգների հասույթը կուղղվի հինգ ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանին աշխարհը ճանաչում է յուրահատուկ ձեռագրի, սիրված ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանության, վիրտուոզ կատարման շնորհիվ: Արտիստը, որը ծնվել է Լիբանանում, երբեք չի կորցրել կապը Հայաստանի հետ, միշտ այցելել է պատմական հայրենիք, ճամփորդել, սակայն համերգով ներկայանալու առիթ է չի ունեցել:

Երկու տարվա բանակցություններից հետո «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի ջանքերով Մալիկյանն իր երաժիշտների հետ ելույթ կունենա Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգներից մեկը պետք է կայանար հոկտեմբերի 13-ին, սակայն չվերթների հետ կապված խնդիրների պատճառով Մալիկյանի երաժիշտները ժամանելու են հոկտեմբերի 13-ի գիշերը, ուստի հոկտեմբերի 13-ին նախատեսված մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այն մարդիկ, որոնք գնել են ամսի 13-ի համերգի տոմսեր, կարող են վայելել հոկտեմբերի 15-ին կայանալիք համերգը, իսկ այն մարդիկ, որոնք չեն կարողանա գալ 15-ին սպասվող երեկոյին, կարող են վերադարձնել տոմսերը:

Լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտը խոստովանում է՝ շատ հուզված է, ուրախ, որ Հայաստանում է: «Հայերս դժվար ժամանակներ ենք ապրում: Մտածում էինք հետաձգել համերգները, սակայն որոշեցինք չչեղարկել երեկոները և հասույթը ուղղել բարեգործության»,-ասում է Մալիկյանը:

Նա 55 տարեկան է, և, ինչպես ինքն է ասում, 50 տարի ցանկանում է հանդես գալ Երևանում, սակայն չի ստացվել: Այս համերգի պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022 թվականի դեկտեմբերին:

«Հայաստանում շատ եմ եղել, և երկիրը լավ եմ ճանաչում, սակայն այլ բան է ուղղակի այցելելը, այլ բան է համերգով հանդես գալը:  Ես և խումբս սրտով ու հոգով անելու ենք ամենը, որ լավ ժամանակ անցնի: Նվագելու եմ դասական գործեր, իմ սեփական ստեղծագործությունները: Իրականում այն, ինչ հորինում եմ, հայկական է: Իմ ստեղծած անգամ լատինաամերիկյան ոճով երաժշտությունը հայկականի է վերածվում»,-նշում է Մալիկյանը:

Մալիկյանը նվագում է հայ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ներկայացնում է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ասում է՝ շատ ժամանակ է անցկացրել ժողովրդական երաժշտությունն ուսումնասիրելու համար: Սիրում է Սայաթ-Նովայի և այլոց երաժշտությունն ու կրում նրանց ազդեցությունը:

Նրա ծանոթությունը ջութակի հետ կայացել է շատ վաղ հասակում: Մալիկյանի հայրը ջութակի մեծ երկրպագու է եղել և յոթ տարեկան Մալիկյանին ստիպել է երեխաների հետ խաղալու փոխարեն փակվել սենյակում և նվագել, ինչի համար հետո Մալիկյանը շնորհակալ է եղել հորը:

«Պապս Ուրֆայից էր: Հայոց ցեղասպանության պատճառով նա կորցնում է ամբողջ ընտանիքը: Նրան հաջողվում է փրկվել, քանի որ մի ծերունի նրան ջութակ է նվիրում, որով նա նվագում է խմբում և այդպես փրկվում է՝ գալով Բեյրութ: Երբ հայրս տեսնում է  ջութակը, սիրահարվում է: Նա առավոտից երեկո ջութակ էր նվագում և ջութակի նկատմամբ սերը փոխանցեց ինձ: Ես էլ փորձեցի իմ տղային փոխանցել այդ սերը, սակայն չստացվեց»,-պատմում է Մալիկյանը:  

Երաժշտի կյանքում չի եղել որևէ պահ, որ ցանկանա հրաժարվել ջութակից: Չորս տարի առաջ օդանավի աստիճաններից ընկել և ուսը կոտրել է, ինչի պատճառով երեք ամիս չի նվագել, մտածել է՝ ի՞նչ կարող է անել, եթե այլևս հնարավոր չլինի ջութակ նվագել. բարեբախտաբար ապաքինվել է:

Մալիկյանը բազմաժանր երաժիշտ է. նվագում է դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ռոք, ջազ և այլն: «Ես շատ եմ սիրում դասական երաժշտություն, և իմ համերգներին անպայման նվագելու եմ դասական գործեր՝ սեփական մեկնաբանությամբ: Տարբեր փուլերով եմ անցել. պատահել է միայն դասական եմ նվագել, ապրելու համար երբեմն բոլորովին այլ երաժշտություն եմ նվագել բառերում, ռեստորաններում, փողոցներում, պատահել է՝ ջազ, ֆլամենկո և այլն, սակայն հիմա ավելի շատ իմ սեփական ստեղծագործություններն եմ ներկայացնում, որոնք ծնվում են ոգեշնչման արդյունքում»,-ասում է արտիստը:

Երկրպագուները Արա Մալիկյանի ելույթները հաճախ համեմատում են պայթյունի հետ, ասում, որ նա բացարձակ ազատության է հասնում բեմում և խենթացնում իր էներգետիկայով: «Երբ արտիստը բեմ է բարձրանում, հրաշք է տեղի ունենում: Հրաշալի է, երբ բեմում ես, քո դիմաց հազար կամ 5000 և ավելի մարդ է: Այդ ժամանակ մեծ պատասխանատվություն ես կրում՝ նրանց հուզելու համար: Պետք է  սիրտդ, հոգիդ նվիրես նրանց: Համերգներս, որոնք  տևում են երկու կամ 2,5 ժամ, ինձ համար վայրկյաններ են թվում: Երաժշտությունը բուժում է մեր ցավերը, մեր հոգին, ուստի միշտ կարևոր է պահպանել կապն արվեստի հետ, իսկ հայ մշակույթը, որը ներկա է ամբողջ աշխարհում, մեզ ուժ է տալիս»,-ընդգծում է ջութակահարը:

Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն շատ է ճամփորդել ու ապրել տարբեր երկրներում: Ավելի քան քսան տարի հաստատվել է Իսպանիայում: Իսպանիան իր տունն է համարում: «Ապրել եմ նաև Գերմանիայում, Անգլիայում: Հյուսիսի կյանքն ամպոտ էր: Մեկ ամառ էի որոշել մնալ Իսպանիայում, սակայն ավելի քան 20 տարի այնտեղ եմ»,-նշում է Մալիկյանը, որը Հայաստանից հետո համերգներով ելույթներ է ունենալու նաև այլ երկրներում:

«ԹԻ ԷՄ Պրոդակշն»-ի նախագահ Թովմաս Մարտիրոսյանն էլ տեղեկացնում է՝ համերգների հասույթը կտրամադրվի հինգ ընտանիքի: «Մի քանի օր առաջ դրամահավաք էր իրականացվում: Հինգ կին են և նրանց երեխաները: Նրանց ամուսինները զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչից հետո կանայք երեխաների հետ եկել են Հայաստան: Որոշել ենք  տոմսերի ամբողջ հասույթը տրամադրել այդ հինգ ընտանիքներին: 13 անձ են: Նրանց հետ դեռ կապ չենք հաստատել: Կարծում ենք՝ դեմ չեն լինի, քանի որ նրանց համար դրամահավաք էր իրականացվում: Ասուլիսից հետո կապ կհաստատենք և հետո կհրապարակենք նրանց անունները»,-շեշտում Մարտիրոսյանը:

 Արա Մալիկյանի տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ նա ստիպված է եղել ապրել ու սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանը մասնագիտական կրթություն է ստացել Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում և Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ ջութակահարներ, պրոֆեսորներ Ռուջերո Ռիչչիից, Իվրի Գիտլիսից, Հերման Կրեբբերսից և այլոցից։ 2000 թվականից երաժիշտը բնակություն է հաստատել Իսպանիայում:

Արա Մալիկյանի հարուստ նվագացանկն ընդգրկում է տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ՝ բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդական և դասական երաժշտարվեստը։ Ուսումնասիրելով և սերտելով Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Եվրոպայի, Արգենտինայի և Իսպանիայի երաժշտական մշակույթը՝ ջութակահարը ստեղծել է իր ուրույն կատարողական ոճը։

Մալիկյանը համերգներով հանդես է եկել 40-ից ավելի երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Չեխիա, Չինաստան, Մալայզիա և այլն: Որպես մենակատար ելույթներ է ունեցել Տոկիոյի, Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբերի, Ցյուրիխի կամերային նվագախմբի, Լոնդոնի կամերային և այլ նվագախմբերի հետ: Ջութակահարը թողարկել է ավելի քան երկու տասնյակ ալբոմ, որոնց թվում են «15»-ը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին, «Ջութակի անհավանական պատմությունը», «Royal Garage» և այլն:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am