Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Նոր գիրք»-3/24. Պատկանյան, Հաֆեզ, Հարությունյան, Անսել

«Նոր գիրք»-3/24. Պատկանյան,  Հաֆեզ, Հարությունյան, Անսել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Ռափայել Պատկանյան, «Բանաստեղծություններ», «Պոեմներ», «Վիպակներ»

415254248_6681426195300541_9120376932253100955_n.jpg (87 KB)

Ռափայել Պատկանյանը հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է: Նա նաև արձակագիր է, հասարակական գործիչ և մանկավարժ. իր գրականությամբ և գործունեությամբ սատարել է աշխարհաբարի ամրապնդմանն ու աշխարհիկ գրականության ստեղծմանը: Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը հայ ազգային-ազատագրական քնարերգության գլուխգործոցներից է:​

Ռափայել Պատկանյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն. Հաֆեզ, Գազելներ, քառյակներ

415016311_260392180269951_4521730135817075774_n.jpg (285 KB)

Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։

Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Թարգմանիչ՝ Ժորժ Աբրահամյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Սվետլանա Հարությունյան, «Անձրևաշեն»

415034911_2021560598224677_4457838412523781535_n.jpg (241 KB)

Սարերի մեջտեղում մի փոքրիկ գյուղ կար՝ Անձրևաշեն անունով, որտեղ միշտ անձրևներ էին, ամպրոպներ, ցեխեր: Գյուղում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Կայծիկը, իր ձուկիկ Ջրիկի հետ: Նրանք հոգնել էին անվերջ անձրևներից և տանը մնալուց: Երազում էին արևի մասին, որ կարողանան դուրս գալ զբոսանքի և խաղալ դրսում:

Եվ մի օր զարմանալի բան եղավ... Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Ֆրեդերիկ Անսել, «Ուժի ուղիները»

415223966_1097461191273212_5859545690715183776_n.jpg (131 KB)

Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են։ Ուժը, անկախ նրանից՝ սպառնում է, թե պաշտպանում, որոշում է պետությունների և նրանց քաղաքացիների գոյության պայմանները։

Այս գիրքը նախ ուսումնասիրում է ուժի չափանիշները՝ գործիքները, դրսևորումները և նույնիսկ նրա ստեղծած պատրանքները, ապա հանգամանալից ներկայացնում մոլորակի բոլոր հիմնական պետական միավորների և տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը:

Վերջապես, այն նկարագրում է նոր, ոչ պետական ​​դերակատարներին, որոնք այսօրվա աշխարհին պարտադրում են իրենց՝ երբեմն նախադեպը չունեցող ուժային ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, Ֆրեդերիկ Անսելը հաջողությամբ ու հետևողականորեն ներկայացնում է այսօրվա աշխարհի վիճակի մանրակրկիտ պատկերը՝ բացահայտելով զարգացումների միտումները:

Հայ ընթերցողն այս աշխատության մեջ պարբերաբար կգտնի ՀՀ վերջին 30 տարիների, Արցախյան հակամարտության, 44-օրվա պատերազմի, հայ-ադրբեջանական թշնամանքի, հայ-ռուսական բարդ հարաբերությունների և հայ հասարակության կորցրած հնարավորությունների անկողմնակալ, նորահայաց ու ողջամիտ բնորոշումները և եզրահանգումները։ Թարգմանիչ՝ Լիլիթ Բլեյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am