Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բյուրականի աստղադիտարանում նախատեսվում են կարևոր միջոցառումներ․ տնօրենն ամփոփել է նախորդ տարին և խոսել ապագա ծրագրերի մասին

Բյուրականի աստղադիտարանում նախատեսվում են կարևոր միջոցառումներ․ 
տնօրենն ամփոփել է նախորդ տարին և խոսել ապագա ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում Բյուրականի աստղադիտարանը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ունեն նաև միջազգային նշանակություն և մեծապես կբարձրացնեն Հայաստանի հեղինակությունն ամբողջ աշխարհում։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Նա հանգամանորեն անդրադարձավ աստղադիտարանի կարգավիճակին, նախորդ տարում տեղի ունեցած իրադարձություններին և 2024 թվականին նախատեսված միջոցառումներին։

«Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ունի յուրահատուկ կարգավիճակ, ինչը եզակի երևույթ է Հայաստանի համար, սակայն մենք դեռ ամբողջովին և լիարժեքորեն չենք գիտակցում, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ առավելությունը մեր երկրի համար։ Ակտիվորեն համակարգում ենք մեր աշխատանքները միայն աստղագիտության ոլորտում։ Վերոհիշյալ միությունն ունի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից նշանավոր աստղագիտական ժառանգության ցանկ, որը հաստատվել է 2021 թվականին և այդ ցանկում առաջինների թվում ընդգրկվել է Բյուրականի աստղադիտարանը։ Տեղում իրականացվել է թվայնացման գործընթաց, այժմ գործում է նաև հայկական վիրտուալ աստղադիտարանը, որը մեկն է աշխարհում գործող նմանօրինակ քսան աստղադիտարաններից։ Միջազգային աստղագիտական միության գիտաժողովներով Հայաստանը լավագույն երկրների տասնյակում է»,- ասաց  Միքայելյանը։

Նրա տեղեկացմամբ՝ աստղադիտարանում իրականացվում է կրթական 18 ծրագիր, թեև կառույցը կրթական հաստատություն չէ։ Անցկացվել են 33 սեմինարներ գիտահետազոտական կարևոր աշխատանքների վերաբերյալ։ Ինստիտուտի ներկայացուցիչները հեղինակել են գիտահետազոտական աշխատանքներ, մասնագիտական հոդվածներ տեսական և բարձր էներգիաների աստղաֆիզիկայի, տիեզերական կոմպակտ օբյեկտների ու ռելյատիվիստական գրավիտացիայի, երիտասարդ աստղային օբյեկտների, աստղակենսաբանության և արեգակնային մոլորակների մասին։ Իրականացման ընթացքում են նաև մի քանի գիտական նախագծեր, որոնք շահել են համապատասխան դրամաշնորհներ։

Բյուրականում կազմակերպվել են շրջայցեր, որոնց ընթացքում հյուրերն ավելի մանրամասնորեն ծանոթացել են աստղադիտարանի տարածքում գտնվող 11 աստղադիտակների աշխատանքին և պոտենցիալին, որոնցից 2,6 մ տրամաչափով աստղադիտակն, օրինակ, տեղադրման պահին աշխարհում 7-րդն էր։ Նախորդ տարվա ընթացքում աստղադիտարանն ունեցել է մոտ երկու հարյուր միջազգային մասնագետ-հյուրեր, որոնց թվում հատուկ զեկույցներով Նոբելյան մրցանակակիրներ Յոն Մաթերը (ԱՄՆ), Ռեյնհարդ Գենցելը (Գերմանիա) և Միշել Մեյորը (Շվեյցարիա)։

«Մենք չափազանց կարևորում ենք միջազգային ինտեգրացիան և այդ առումով անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցավ հիշարժան իրադարձություն, երբ Շարժայի (ԱՄԷ) համալսարանի հետ կնքեցինք համագործակցության հուշագիր։ Այդ ուսումնական հաստատությունն աշխարհում լավագույններից և խոշորագույններից մեկն է։ Կարևոր էին նաև սպեկլ-իտերֆերոմետրիայի համատեղ դիտումներն ու հետազոտություններն իսպանացի գործընկերների հետ Սանտյագո դե Կոմպոստելայից։ Կարևորում ենք նաև ռուսական կողմի հետ կնքված հուշագրերը, որոնցից մեկն, օրինակ, առնչվում է տիեզերական անվտանգության ոլորտում համագործակցությանը, որը կնքվել է «Ռոսկոսմոսի» հետ։ Ընդհանուր առմամբ՝ մենք համագործակցում ենք 23 երկրների հետ»,- ասաց աստղադիտարանի տնօրենը։

2023 թվականին իրականացված կարևոր միջոցառումների թվում Միքայելյանը հիշատակեց հայ-վրացական աստղագիտական ժողովը և հավելեց, որ մեր հարևան երկրները վերջին շրջանում մեծ ուշադրություն են հատկացնում աստղագիտությանը և այդ առթիվ կատարում հսկայածավալ ներդրումներ՝ տեղադրելով ավելի մեծ տրամաչափերի դիտակներ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Բյուրականում կայացավ նաև «Անկայուն երևույթները տիեզերքում» խորագրով կոնֆերանսը, որին, ի թիվս տեղի մասնագետների, մասնակցեցին նաև գիտնականներ վեց երկրներից։ Հայաստանում 2023 թվականին կայացավ Միջազգային աստղագիտական միության 365-րդ համաժողովը՝ «Արեգակնային և աստղային կոնվեկտիվ գոտիների ու մթնոլորտների դինամիկան» խորագրով։ Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակի առթիվ անցկացվեց միջազգային կոնֆերանս՝ «Անկայուն երևույթները տիեզերքում» խորագրով։

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչներն իրենց հերթին մասնակցել են միջազգային մի շարք համաժողովների՝ նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ, իսկ Նաիրա Ազատյանն արժանացել է Միջազգային աստղագիտական միության լավագույն գիտական թեզի տարեկան մրցանակին։   

Միքայելյանը տեղեկացրեց, որ ինստիտուտն իրականացնում է պարբերաբար բնույթ կրող արդիականացման աշխատանքներ և ընթացիկ տարում նույնպես նախատեսել է բազմաթիվ կարևոր միջոցառումներ, այդ թվում երկնային երևույթների (Լուսնի և արեգակի խավարումներ, ասուպային հոսքեր, և այլն) ուսումնասիրություններ (թվով 15)։ Բյուրականում հունվարի 26-ին կանցկացվի Հայաստանի հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Մայիսին տեղի կունենա Հայկական աստղագիտական ընկերության գիտաժողովը՝ նվիրված այդ կառույցի հիմնադրման 25-ամյակին։ Հունիսին նախատեսված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» կենտրոնի և Բյուրականի աստղացուցարանի բացման արարողությունները։ Իսկ սեպտեմբերին ՀՀ-ում տեղի կունենա Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 4-րդ աստղագիտական աշխատաժողովը։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դպրոցականների համար հանրամատչելի գիտակրթական ծրագրերին և այդ նպատակով ամռանը կանցկացնենք 10-րդ բյուրականյան գիտաճամբարը։ Տարածքում կազմակերպելու ենք նաև  ամառային դպրոցներ։ Աստղագիտության միջազգային օրը Հայաստանում հավուր պատշաճի նշելու նպատակով կազմակերպելու ենք հանրային միջոցառում։ Մեր աշխատակիցներն իրենց հերթին կմասնակցեն միջազգային կոնֆերանսների, մասնավորապես՝ Եվրոպական աստղագիտական ընկերության տարեկան համագումարին, Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեային, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի փոխգործակցության խորհրդակցությանը, Աստղաֆիզիկական տվյալների վերլուծության և ծրագրային համակարգերի գիտաժողովին, ինչպես նաև կմասնակցեն աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադային»,- եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։         

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am