Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Երկնայինի և երկրայինի միջև. Հայաստանը Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում կներկայանա Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով

Երկնայինի և երկրայինի միջև. Հայաստանը Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում 
կներկայանա Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեում, որն անցկացվելու է ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը, կներկայանա փարիզաբնակ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպմամբ և աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց՝ Վենետիկի բիենալեն հեղինակությամբ, մասշտաբներով կարևոր ու նշանակալի տեղ ունի մշակույթի, ժամանակակից արվեստի բնագավառում, ուստի բիենալեին մասնակցությունը Հայաստանի համար մեծ պատիվ է:

«Վենետիկի բիենալեին մասնակցում, բիենալե են այցելում էքսպոների աշխարհի լավագույն մասնագետներն ու արտիստները, ուստի մենք հանրահռչակում ենք մեր պետությունը, մեր արվեստն ու մեր արտիստներին, այդ իսկ պատճառով պետական մակարդակով ենք ներկայանում բիենալեին»,-ասաց Դանիելյանը:

Նա կարծում է՝ Նինա Խեմչյանի նախագիծը հիանալի կոնցեպտ ունի, որը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, և փայլուն ներկայացնում է մեր արվեստը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը նախատեսում է մասնակցել նաև նորաստեղծ բիենալեների, փառատոնների, քանի որ կարևորում է մեր մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործընթացը:

Մասնակցի ընտրությունը կատարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը։ Տաղավարի կոմիսարն է ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Ազգային տաղավարի համադրողն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

Եսայանցը հիշեցրեց՝ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագիծն իրականացրել են 2022 թվականին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, սակայն այն Վենետիկի բիենալեում ներկայացնելու գաղափարը ծնվել 2023 թվականին:

«Նինա Խեմչյանը տարիներ շարունակ ներշնչված է եղել Մեսրոպ Մաշտոցի շարականներով, որոնք կատարել է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը: Ոգեշնչվելով նրա կատարումներից՝ նա ստեղծել է շարականներով կերամիկական գնդեր, որոնք 11-ն են: Մաշտոցը շատ շարականներ ունի, սակայն 11-ն են ապաշխարությանը վերաբերում»,-ասաց նա:

Հայաստանի ազգային տաղավարի առանցքում հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարներն են, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։

Նինա Խեմչյանի «Արձագանքը» բաղկացած է երկու ծավալուն՝ միմյանց լրացնող և միաժամանակ իրարից սերող ինստալյացիաներից։

Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում, կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից տասնմեկը։ Հայոց պատմության մեջ հայ գրերի հեղինակ, փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (4-5-րդ դարեր) առանցքային կերպար է՝ որպես հոգևոր առաջնորդ և հայկական սրբազան երաժշտության հիմնադիր։ Երկար տարիներ Նինա Խեմչյանն ուսումնասիրել է Մաշտոցի ժառանգությունը։

Հայաստանի ազգային տաղավարի կարևոր մաս է կազմելու նաև Նինա Խեմչյանի «Յոթ մահացու մեղքեր» աշխատանքը՝ 50 մետր երկարությամբ ամբողջական թղթե մոնումենտալ ստեղծագործություն, մարդկության մեղքերով մի կոթողային գլանակ։ Այն բաժանված է յոթ մասերի, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է մեղքերից մեկին․ բղջախոհություն, որկրամոլություն, ծուլություն, ագահություն, բարկություն, հպարտություն, նախանձ։ Աշխատելով սև թանաքով սպիտակի թղթի մակերեսին՝ արվեստագետը ոչ միայն կտրուկ գրաֆիկական որակներ է հաղորդում ստեղծագործությանը, այլև փոխանցում է բարոյականի ու անբարոյականի բևեռային տարբերությունը։

Երկու աշխատանքները՝ «Արձագանքն» ու «Յոթ մահացու մեղքերը» լրացնում և հարստացնում են միմյանց՝ միահյուսելով մարդկային մեղսավորության ու ապաշխարանքի թեմաները, որոնք կարևոր և կենսական են հատկապես այսօր։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

«Նախորդ տարի քննարկում էինք, թե Հայաստանի ազգային տաղավարն ինչպես կարող է  բազմաշերտ  ներկայանալ և հանգեցինք այն մտքին, որ շատ լավ կլինի համադրել յոթ մահացու մեղքերն ու ապաշխարության շարականները: Երկրայինն ու երկնայինը ներկայացնենք ու համաշխարհային հոգևոր սկզբունքների շուրջ կառուցենք, որովհետև Մաշտոցի շարականները հայկական են, կրոնական են, հոգևոր են, բայց գաղափարն ավելի ընդարձակ է, իսկ յոթ մեղքերի գաղափարը հանդիպում է տարբեր կրոններում ու մշակույթներում»,-պատմեց Արմեն Եսայանցը:

Հայկական տաղավարը նաև երկխոսություն է ստեղծում 2024 թվականի Վենետիկի բիենալեի «Օտարներ ամենուր» թեմայի հետ՝ ներկայացնելով Ֆրանսիայում ապրող հայազգի արվեստագետի՝ Նինա Խեմչյանի աշխատանքները։ Ապրելով Եվրոպայում՝ նրա ստեղծագործությունը արմատներով կապվում է այսօր վտանգված հայկական միջնադարյան ժառանգության հետ՝ գերազանցելով աշխարհագրական և ժամանակային սահմանները՝ անդրադառնալով ինքնության, հիշողության և պատկանելության թեմաներին։

Ըստ Արմեն Եսայանցի՝ բիենալեից հետո դժվար է հասկանալ, թե ինչ ճակատագիր կունենան արվեստի գործերը: Չի բացառվում, որ այլ հարթակներում ցուցադրվելու առաջարկ լինի:

Հայաստանի ազգային տաղավարի շրջանակում նաև անցկացվելու է կրթական ծրագիր, որի միջոցով բացահայտվելու են «Արձագանք» նախագծի տարբեր շերտերը։ Բացի այդ, բիենալեի բացման առաջին շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 19-23-ը, տաղավարում կանցկացվեն հանդիպումներ արվեստագետի ու համադրողի հետ։

Հայաստանի ազգային տաղավարի նախապատրաստման աշխատանքները պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակ է։

Տաղավարի համակազմակերպիչը Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է, իսկ Հայաստանի ազգային տաղավարի համաֆինանսավորողները՝ «Ֆաստեքս» կազմակերպությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։

2024 թվականին Հայաստանը Վենետիկի բիենալեին ներկայացված է լինելու նաև ոչ մրցութային ձևաչափով՝ «Ակնեյե» նախագծով (hամադրող՝ Անաստասիա Դոուսոն, հանձնակատար՝ Վիգեն Բադալյան):

«AKNEYE BY ftNFT» տաղավարը Վենետիկի բիենալեի 2024 թվականին կներկայացնի նորարարական հայեցակարգ, որը կոչվում է «Ֆիգիտալ տարածքներ»: Տաղավարը ֆիզիկական քանդակների և «NFT»-ների (չփոխարինելի ժետոններ) եզակի խառնուրդ է:

Ցուցահանդեսի ինտերակտիվ թվային տարածքում այցելուները կարող են ընկղմվել «AKNEYE» քանդակների թվային ներկայացումների մեջ: Այս թվային արշավը կլրացնի «AKNEYE» քանդակների ցուցադրությունը՝ արվեստը շարժման մեջ ձևաչափով:

Նինա Խեմչյանը ծնվել է  1964 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական դիզայնի բաժինը: 1990-ական թվականներից ակտիվորեն աշխատել և ցուցադրել է իր ստեղծագործությունները Հայաստանի տարբեր պատկերասրահներում: Տեղափոխվելով Ֆրանսիա՝ շարունակել է կրթությունը Փարիզի կիրառական արվեստների և արհեստների ազգային դպրոցում 1996-1998 թվականներին։ Ավելի քան 30 տարի արվեստագետն աշխատում է որպես քանդակագործ, ինչպես նաև ստեղծում է գրաֆիկական աշխատանքներ։ Նա մասնակցել է տասնյակ խմբային ցուցադրությունների և ներկայացրել իր աշխատանքներն արվեստի միջազգային տոնավաճառներում, փառատոններում ու անհատական ցուցադրություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Լիբանանում։ Նինա Խեմչյանի աշխատանքները Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում են, ինչպես նաև Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուների մաս են կազմում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am