Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ պատգամավորի հասցեին ավտոբուսում վիրավորական արտահայտություններ հնչեցրած անձի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք և գրավ է կիրառվել

ԱԺ պատգամավորի հասցեին ավտոբուսում վիրավորական արտահայտություններ 
հնչեցրած անձի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք և գրավ է 
կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում երթուղային տրանսպորտում ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած անձի նկատմամբ, որպես խափանման միջոց, տնային կալանք և գրավ է կիրառվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

«Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 15-ին ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր–Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաև՝ հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրևորելելով, կատարել է խուլիգանություն։

Մասնավորապես՝ Ս․ Վ․-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ և, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը՝ շարունակելով վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները նրանով, որ Հ. Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր:

Արդյունքում, երթուղային ավտոբուսի վարորդը Երևան քաղաքի Խանջյան-Բյուզանդ փողոցների հատման հատվածում ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել դուրս գալ երթուղայինից։ Այդ կերպ Ս. Վ․-ն խոչընդոտել է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Երևանի 30-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղադրանք :

Դատարանի որոշմամբ՝ Ս․Վ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն ՀՀ դրամի չափով։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am