Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կապակցությամբ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում։ 

«Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Նյութի մեջ նշված քարտեզի վրա կտեսնեք այս փուլում դեմարկացված հատվածները (մանուշակագույն նշված): Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, որը ինքնին անվտանգային ռիսկերի նվազեցում է։

Գործընթացի ընթացքում հայկական ոչ մի գյուղ չի զրկվում ճանապարհից։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաեւ Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը»,- գրել է Մինասյանը։

Նրա խոսքով՝ ամիս շարունակ կեղծ թեզ է շրջանառվում, թե գազատար է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

«Սիրելի հայրենակիցներ, այս բարդ և լարված գործընթացքում պետք է լինենք առավել քան զգոն և տուրք չտանք մանիպուլիացիաներին ու կեղծ տեղեկատվությանը։ 

Այս ընթացքը կարևոր է ոչ միայն Տավուշում պետական սահմանի առկայության տեսանկյունից, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման սկզբունքները ֆիքսելու առումով»,- գրել է Մինասյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am