Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն սուտ է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցրել է ԱԺ նախագահ Հակոբ Արշակյանը:
«Սիրելի՜ հայրենակիցներ, Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է։ Մի՜ հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին, հիշեք նրանց անցած ճանապարհը, դավանած արժեքները, ցանածն ու պտուղները։
Մենք դժվար ճանապարհ ենք անցնում միասին, և ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ՜։
Ուրեմն, հանգիստ ու հանդարտ, միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները՝ ջանալով կառուցել երկարաժամկետ խաղաղություն` մեր ժողովրդի անվտանգության ու պետության զարգացման համար»,–նշել է Արշակյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։
Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։
Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:
Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում