Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ

Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ադրբեջանը սահմանի սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին, Հայաստանը պատրաստվում է հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում շատ «ալերգիկ» վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված:

«Բայց մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը»,–ասաց Փաշինյանը:

Աշխատանքային գործընթացում սահմանազատման հարցերով հանձնաժողովները պետք է սեղանին դնեն փաստաթղթերը: «Երբ մենք դե յուրե դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա»,–նշեց վարչապետը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am