Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր նյութերով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին 
Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր նյութերով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց ցեղասպանության վերապրող և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից ստացավ արժեքավոր իրեր։ Նրա հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին հանձնեցին Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն այդ առթիվ իր ելույթում նշեց, որ միջոցառումը թանգարանի համար իսկապես բացառիկ է, քանի որ ֆոնդերը համալրվում են կարևոր նշանակություն ունեցող նմուշներով, որոնք եզակի են ինչպես պատմական, այնպես էլ գիտական առումով։

Edita.JPG (428 KB)

«Թեհլիրյանի օրագրությունը ներկայացնում է մի ժամանակաշրջան, որը մեզ համար խիստ կարևոր է մի քանի տեսանկյուններից։ Թանգարանին հանձնված լուսանկարները նոր լույսի ներքո են ներկայացնում մեր հերոսին, ով իր արարքով ցեղասպանության արհավիրքի միջով անցած հայ ժողովրդին թույլ տվեց հասնել արդարադատության հանգրվանի։ Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինում, երբ Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության անմիջական ու գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային, ու այն, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդած դատավարության արդյունքում, իրավական տեսանկյունից խիստ նշանակալից է։ Դա փաստորեն Ցեղասպանության վերաբերյալ առաջին դատավարությունն էր, քանի որ Թեհլիրյանի դատը վերածվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող դատավարության, որն ունեցավ փաստահեն հիմք ու ճանաչվեց որպես անժխտելի իրողություն»,- ասաց Գզոյանը։

Թանգարանի տնօրենը հպարտությամբ նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանը ոչ միայն հայ ժողովրդի հերոս զավակն է, այլև պատկանում է առաջադեմ մարդկությանը։ Նրա խոսքով՝ Թեհլիրյանն իր հերոսական արարքով հետագայում հիմք տվեց Ցեղասպանության կոնվենցիայի հաստատմանը, որի ակունքներում կանգնած իրավագետ Ռաֆայել Լեմկինը տևական ժամանակ հետևել է Թեհլիրյանին, ուսումնասիրել նրա կյանքն ու Էական ներդրում ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան ընդունելու գործում՝ ներկայացնելով կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։  

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հանգամանորեն ներկայացրեց Սողոմոն Թեհլիրյանին առնչվող և նրա հետ անմիջական կապ ունեցած ցուցանմուշները, որոնք այսօր պահվում են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներում։ Նա երախտագիտությամբ նշեց, որ նոր նյութերն ավելի կհարստացնեն ու բովանդակալից կդարձնեն հայ հերոսի նյութական ժառանգությունը։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներից Արփի Օսկանյանը, թանգարանին նվիրաբերելով հայ վրիժառուի օրագրությունը, ասաց, որ այդ փաստաթուղթն իրենց ընտանիքի համար ունեցել է շատ մեծ կարևորություն և խնամքով բավականին երկար ժամանակ պահվել է ընտանեկան արխիվում։   

arpi.JPG (388 KB)

«Քանի որ սա իսկապես պատմական փաստաթուղթ է, այդ պատճառով էլ որոշեցինք այն հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Օրագրությունն, ինչ խոսք, ազգային պատմության, մանավանդ Ցեղասպանության վերաբերյալ նոր տեղեկատվության ձեռքբերման գործում միանշանակ արժեքավոր նմուշ է։ Այն ինձ փոխանցվել է իմ հորից՝ Արա Օսկանյանից, ով ակտիվորեն զբաղվում էր Թեհլիրյանի կենսագրության հանրայնացմամբ և օրագրությունը ստացել է Թեհլիրյանի որդուց՝ Շահենից, որպեսզի օգտագործի իր հուշերում։ Պատմաբաններն ու գիտնականներն այսուհետ նույնպես կարող են ուսումնասիրել այս օրագրությունը և օգտագործել իրենց հետազոտական աշխատություններում»,- ասաց Արփի Օսկանյանը։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու մյուս թոռնուհին՝ Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարանին փոխանցեց իր մեծանուն ազգականի անձնական արխիվային լուսանկարները։

Anush.JPG (540 KB)

«Այս նվիրատվությունը պետք է կատարեր հայրս՝ Արա Օսկանյանը, ցավոք նա անցյալ տարի պատկառելի տարիքում հանկարծամահ եղավ, բայց մենք սիրով ստանձնել ենք նրա նպատակը կյանքի կոչելու հանձնառությունը։ Թեհլիրյանի լուսանկարների հիմնական խորհուրդն այն է, որ նրա հիշատակը միշտ վառ մնա և նրա հետ կապված իրերը փոխանցվեն սերունդներին, հետևաբար այս նյութերը միայն մեր ընտանեկան արժեքները չեն»,- ասաց Անուշ Օսկանյան-Օհանյանը։ 

Վերջում թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը հաստատության ֆոնդերին արժեքավոր նյութեր հանձնելու համար Արփի Օսկանյանին և Անուշ Օսկանյան-Օհանյանին տվեց հատուկ շնորհակալագրեր։ Նա տեղեկացրեց, որ թանգարանի շնորհակալագրերի թուղթը ստացվում է ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի շուրջը խոնարհվող ծաղիկներից, և հուզմունքով նշեց, որ շնորհակալագրերում հոգի ու մեծ պատգամ կա։ 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am