Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Նոր գիրք»-16/24. Շանթ, Սորենտինո, Լագերլյոֆ, Բեռն

«Նոր գիրք»-16/24. Շանթ, Սորենտինո, Լագերլյոֆ, Բեռն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Լևոն Շանթ, «Ինկած բերդի իշխանուհին: Օշին Պայլ»
levon.jpg (146 KB)

Լնոն Շանթի այսպես կոչված՝ «Կիլիկյան դրամաները»` «Ինկած բերդի իշխանուհին» (1921) և «Օշին Պայլը» (1929), ստեղծվեցին Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո: Անհատի դրաման և ողբերգությունը շեքսպիրյան ոգով արտացոլելուց զատ, այս գործերն իրենց գաղափարական հատույթում նախ և առաջ արձագանքում են Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառահետևանքային կապերի ընկալմանը և Շանթի պատմափիլիսոփայության մեջ առավել ցավագին շեշտերով բեկում մարդու և իր ժամանակի հարաբերակցության ու շատ դեպքերում` ժամանակների հոլովույթի տրամաբանության մեջ մարդու անզորության և դատապարտվածության դրաման:

Մատենաշարի խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն
Պաոլո Սորենտինո, «Բոլորն իրավացի են»
bolorn.png (656 KB)

Թոնի Պագոդան 1980-ականների Իտալիայում հայտնի փոփ աստղ է՝ անհավանական խարիզմայով օժտված տաղանդավոր երգիչ: Փող, թմրանյութեր և կանայք. շռայլ կյանք է վարում Նեապոլում և Կապրիում: Բայց կյանքը բարդանում է, և Թոնին որոշում է փոխել իր կենսակերպը: Շրջագայության ընթացքում Թոնին անհետանում է Բրազիլիայում՝ անցնելով ասկետիկ կյանքի: Բայց 18 տարվա ամազոնյան աքսորից հետո ինչ-որ մեկը պատրաստ է մեծ գումարի չեք ստորագրել՝ Թոնիին Իտալիա վերադարձնելու համար: Ինչպե՞ս նա կդիմանա իր հին սովորությունների և նոր դարի գայթակղություններին: «Բոլորն իրավացի են» արտասովոր վեպը, որը նոմինացվել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային», Պաոլո Սորենտինոյի դեբյուտային վեպն է, որը նաև ինչ-որ առումով ինքնակենսագրական է: Այս գիրքն Իտալիայի մասին է և մերօրյա աշխարհի, Թոնիի մասին և յուրաքանչյուրիս: 

Թարգմանիչ` Լուսինե Շուքուրյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն
Սելմա Լագերլյոֆ, «Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում»
nils.jpg (3.59 MB)

Սովորական մի ագարակում իր ընտանիքի հետ ապրում է Նիլս Հոլգերսոնը` ծույլ, քմահաճ ու ինքնահավան մի տղա, որին դուր է գալիս  հալածել ագարակի կենդանիներին ու թռչուններին: Մի օր Նիլսն իրենց տանը մի փոքրիկ թզուկ է գտնում, որը, ցանկանալով պատժել Նիլսին,  կախարդելով փոքրացնում է նրան ու դարձնում իր նման թզուկ:

Ագարակի վրայով թռչող վայրի սագերը բակում քուջուջ անող թռչուններին հորդորում են միանալ իրենց երամին, ու ագարակի սպիտակ սագը որոշում է կայացնում ինքն էլ հյուսիս չվել: Նիլսն ապարդյուն փորձում է թույլ չտալ նրան հեռանալ բակից, բայց վերջինս Նիլսին էլ է իր հետ օդ բարձրանում, և սկսվում է տղայի  արտասովոր ու զարմանալի ճամփորդությունը դեպի Լապլանդիա։ Սագերի երամն անցնում է լճերի, գետերի, դաշտերի ու խիտ անտառների վրայով։

Նոբելյան մրցանակի դափնեկիր շվեդ նշանավոր գրող Սելմա Լագերլյոֆի այս հրաշապատում վեպը գրված էր որպես աշխարհագրության ձեռնարկ շվեդ երեխաների համար. գրքում տեղ էին գտել Շվեդիայի պատմությանը, մշակույթին և բանահյուսությանն առնչվող հետաքրքրական նյութեր, սակայն կարճ ժամանակում Լագերլյոֆի գիրքը դառնում է ոչ միայն Շվեդիայում, այլևս աշխարհում ամենասիրված ու ճանաչված մանկապատանեկան երկերից մեկը:

Թարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն
Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»
xaxer.jpg (264 KB)

Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Թարգմանիչ՝ Լիաննա Պուլուզյան, խմբագիր՝ Մայա Գրիգորյան: Գիրքը հրատարակել է «ԴաՎինչի» հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am