Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ. «Լադանիվա»-ն՝ եվրատեսիլյան երգի, ելույթի և սպասելիքների մասին

Երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ. «Լադանիվա»-ն՝ եվրատեսիլյան 
երգի, ելույթի և սպասելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024»  երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով ազատասիրություն է քարոզում, ասում, որ պետք չէ վախենալ սեփական կարծիքն արտահայտել, լինել այնպիսին, ինչպիսին կաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպեցին խորհրդանշական վայրում՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում. հենց փարաջանովյան մոտիվներով է նկարահանվել «Ժակո» երգի հոլովակը:

Նրանք հավաստիացրին՝ լավ տրամադրություն են փոխանցելու հանդիսատեսին, հնարավորություն են տալու երգել և պարել իրենց հետ:

«Մենք կարծում ենք՝ երգն ուրախ է, պարային է և լավ տրամադրություն ունի, ինչպես նաև՝ լավ հաղորդագրություն»,-նշեց Ժակլինը:

«Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն:

«Կարծում ենք՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ: Մենք անում ենք այն, ինչը սիրում ենք»,- ասաց երգչուհին:

Լուի Թոմասը «Ժակո» երգի երաժշտությունը գրել է՝ ոգեշնչվելով ֆրանսիական Ռեյունիոն կղզում լսած երաժշտությունից:

«Այդ կղզում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում: Ինչպես այնտեղ, այնպես էլ Հայաստանում այդ պարային երաժշտությունը շատ են սիրում: Մենք դհոլ ենք ավելացրել, որ հայկական հնչի»,- պատմեց Լուին և հայերեն ասաց՝ ուրախ է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում:

«Եվրատեսիլ»-ի շրջանակում «Լադանիվա»-ն արդեն հանդես է եկել Մադրիդում: Խմբին շատ լավ են ընդունել: Երկրպագուներն այնքան բարձր են երգել, որ Ժակլինը մոռացել է՝ ինքն էլ պետք է երգի:

«Այդ պահին ինձ շատ լավ էի զգում»,-խոստովանեց Ժակլինը:

Երգի հերոսուհին՝ Ժակոն, Ժակլին Բաղդասարյանն է:

«Ես մանկուց ազատություն եմ սիրել. շատ էի վազվզում, ծառ էի բարձրանում, չէի մտածում, թե ինչ տեսք ունեմ, որ կարող եմ կեղտոտվել, վնասել ինձ և այլն, հավերի հետևից էի վազում, և ինձ հաճախ էին ասում՝ աղջկա պես ինձ պահեմ, «հավաքեմ» ինձ: Պատահում էր՝ զգում էի, որ ինձ զերծ են պահում որոշ խոսակցություններից, քննարկումներից, որովհետև աղջիկ եմ: Չէի ընդունում դա: Իմ անհամաձայնությունն այս երգով եմ արտահայտել, որովհետև կարծում եմ ՝ մարդկանց պետք է ազատ թողնել, թույլ տալ արտահայտվել ու  չվախենալ տարբերվելուց. որքան տարբեր ես, այնքան լավն ես»,- շեշտեց երգչուհին:

Այն մարդիկ, որոնք ժամանակին փորձել են սանձել Ժակլինին, այժմ ասում են. «Ապրես, Ժակո ջան, ինչ լավն ես, գիժ ես դու»:

«Նրանք ընդունում են ինձ: Սկզբում պայքարել եմ, որ պահպանեմ իմ խենթությունը, որ ինքս կարողանամ որոշումներ կայացնել, ինչի շնորհիվ զբաղվում եմ իմ սիրած գործով: Այդ մարդիկ էլ ուրախանում են ու ասում՝ ապրես»,-ասաց նա:

«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյան էլ ընդգծեց՝ ամեն տարի փորձում են հանդես գալ նոր ձևաչափով:

«Այդ առումով «Լադանիվա» խումբը լավագույն ընտրությունն էր: Այս տարի մրցույթի կարգախոսն է «United by Music» (Միավորված երաժշտությամբ): Կարծում ենք՝ «Լադանիվա»-ն շատ համահունչ է այդ կարգախոսին ու մրցույթին: Ինչպես «Եվրատեսիլ»-ն է շատ տարբեր մարդկանց, մշակույթները միավորում, այնպես էլ «Լադանիվա»-ն»,- ասաց Ծերունյանը:

Ապրիլի 22-ին Ժակլին Բաղդասարյանի ծննդյան օրն է: Նրան անակնկալ մատուցեցին՝ տարեդարձի գեղեցիկ ու խորհրդանշական տորթ և ծաղիկներ նվիրելով: Ժակլինն էլ իր հերթին անակնկալ մատուցեց ներկաներին՝ աղջիկներին իր կերպարով տիկնիկներ նվիրելով:

«Տարիներ առաջ, երբ Հայաստանում աղջիկներն ամուսնանում էին, նրանց մայրերն ու տատիկները տիկնիկ էին նվիրում, որպեսզի աղջիկները խոսեն նրանց հետ, եթե միայնակ զգան իրենց: Այս տիկնիկը՝ Ժակոն, կլսի  և ուժ կտա ձեզ»,- նշեց Ժակլինը:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:  «Լադանիվա»-ն հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am