Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի. Փաշինյան

Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ 
հավակնություն չունի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասաց նա։

Վարչապետը նկատեց, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով հայկական կողմը ցույց է տվել իր անկեղծությունը։ «Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։ Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների։ Ահա, սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նկատեց, որ թեպետ տեղային հարցի շուրջ են պայմանավորվել, բայց այս տեղային հարցի շուրջ պայմանավորվածությունների իրագործման որակն ավելացնելու կամ նվազեցնելու է հավատը խաղաղության օրակարգի և խաղաղության հնարավորության նկատմամբ։ 

«Ես հավատում եմ, որ ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և Հայաստանի հանրության, և Ադրբեջանի հանրության շրջանում, և ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու»,- նշեց վարչապետը՝ նկատելով, որ երկու կողմում իրար նկատմամբ խորը անվստահություն կա: 

Վարչապետեը գնահատանքի խոսքեր ասաց սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին։ 

Խոսելով Լեռնաին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ ԼՂ վերադառնալու հնարավորությանը, Փաշինյանը նկատեց. «Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրներն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»:

Վարչապետը նկատեց, որ, ինչպես նշել էր մարզային այցելություններից մեկի ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված մի կնոջ հետ զրույցում, իրատեսական չի համարում հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորությունը։ Փաշինյանը նշեց նաև, որ իր գլխավորությամբ՝ Հայաստանի կառավարությունը փորձել է անել ամեն բան, այդ թվում և 2023 թվականի սեպտեմբերին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենար:

«Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին: Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով»,- նշեց Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am