Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգով

Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային 
հիթերին նվիրված համերգով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն արդեն ավանդույթ է դարձրել Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ը, համերգային ծրագրով տոնելը: 2024 թվականը բացառություն չէ: Այս տարի Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը համերգով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ելույթ կունենան նաև երգչուհի Ալլա Սահակյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից հրավիրված վիրտուոզ ջութակահարուհի  Լուսինե Ֆիելոնը: Կհնչեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործություններն ու ջազի համաշխարհային հիթեր:

4dd8a096-92c6-4816-b4bb-5441219a7fe2.jpg (150 KB)

Քյոսայանն առաջին դասարանից սովորել է երաժշտական դպրոցում, սակայն ջազ երաժշտություն լսել է հարևանի շնորհիվ:  «Մի օր մեր հարևանի տանից ջազային ստեղծագործություն լսեցի: Զարմացա գեղեցկության, ազատության, մտքի թռիչքի վրա: Այդ երաժշտությունն ինձ շատ գրավեց: Հիշում եմ՝ Քենի Բոլ Էդերլիի ստեղծագործություններից էր, իսկ հետո հնարավորություն ունեցա ունկնդրելու Օսկար Փիթերսոնին, Դյուկ Էլինգտոնին, Ջիմմի Սմիթին, որոնք դարձան իմ ուսուցիչները: Հեռվից լսելով նրանց  երաժշտությունը՝ աշխատում էի դաշնամուրով կրկնօրինակել նրանց ստեղծագործությունները, ինչն ինձ ապագայում շատ օգնեց»,-ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Քյոսայանը:

1988 թվականին կոմպոզիտորը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երգեհոնահար Ջիմմի Սմիթին հանդիպելու հնարավորություն է ունենում:  «Ասացի. «Բարև Ձեզ, ուսուցիչ»: Զարմացած նայեց ինձ, ես էլ պարզաբանեցի՝ Հայաստանում նրա երաժշտությամբ եմ սովորել ջազ նվագել»,-նշել է կոմպոզիտորը:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, որով 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: 

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am