Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը

Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար 
թունելը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է վրաց-ռուսական սահմանի «Կազբեկ»-«Վերին Լարս» անցակետ տանող մայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Քվեշեթի-Կոբի հատվածը շրջանցիկ երթուղի է Կոբի-Գուդաուրի հատվածի համար, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Թունելի կառուցումն, այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհին, որը  կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ, փոխադրողներին թույլ կտա այլևս օրերով չսպասել «Վերին Լարս» անցակետի ճանապարհին։

«Նոր 23-կիլոմետրանոց ճանապարհը, որը ներառում է հինգ թունել, էապես կբարելավի ճանապարհային երթևեկության անվտանգության չափանիշները և կապահովի անվտանգ և հարմարավետ երթևեկություն ինչպես մեր երկրի բնակչության, այնպես էլ հյուրերի համար», - բացման արարողությանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի ամենամեծ թունելը՝ ինը կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով Խաչի լեռնանցքի տակ, դարձել է Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը:

Ընդհանուր առմամբ, Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կառուցվում է 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, հինգ կամուրջ և հինգ թունել։ 2019 թվականին հաստատվել է նոր ճանապարհի նախագիծը, իսկ շինարարությունը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերին։

Ձմռան շրջանում տարանցիկ երթևեկությունն այլևս չի սահմանափակվի, կավելանա բեռնաշրջանառությունը, կկառուցվի 5-կիլոմետրանոց ճանապարհ դեպի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն։

Ըստ հրապարակման՝ նոր ճանապարհին կպահպանվեն երթևեկության անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշները, իսկ ճանապարհն անցնելու ժամանակը կկրճատվի։ Եթե ​​այժմ Քվեշեթից մինչև Կոբի ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ (ձմռանը ավելի երկար), և երթևեկությունը հաճախ արգելվում է ձնահյուսի վտանգի պատճառով, ապա ծրագրի ավարտից հետո ճանապարհն անցնելու ժամանակը կկազմի ընդամենը 15 րոպե։

Բացի այդ, Թբիլիսի-Գուդաուրի ուղղությամբ ճանապարհի ժամանակը երկուսի փոխարեն կկազմի մեկուկես ժամ։ Թբիլիսի-Ստեփանծմինդա ուղղությամբ երթևեկությունը երկու ժամի փոխարեն կտևի 1 ժամ 45 րոպե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am