Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի 
հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկության առնչությամբ, որ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում:

«Համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ՝ մարզային ստորաբաժանման հետ տեղում աշխատանքներ իրականացնելու համար:

Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել առ այն, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու  Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել  մի խումբ անձինք:  Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժիններ՝ ազատությունից զրկված  անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։

Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության:

Միևնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ոստիկանությանը և հավաքի անցկացման վայրում գտնվող բոլոր անձանց ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը կարևորել է, որ նշված իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք ու վարքագիծ, այլ նաև հակազդեն դրանց:

Նշվում է, որ հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am