Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՄԻՊ- ի ուղերձը

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՄԻՊ-
ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով է հանդես եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը և քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։

Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։

Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ 2023 թվականին վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։

Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։

Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործադրումն օրակարգային պետք է լինի բոլոր քաղաքակիրթ հասարակությունների համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am