Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մինչև կյանքի վերջը փնտրեց ցեղասպանությունից փրկված ու կորցրած եղբորը. պատմում է ականատեսի թոռնուհին

Մինչև կյանքի վերջը փնտրեց ցեղասպանությունից փրկված ու կորցրած եղբորը. 
պատմում է ականատեսի թոռնուհին

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Ալեքսանդրապոլում (Գյումրի) գործող Ամերկոմի որբանոցն իր հարկի տակ է հավաքում եղեռնից մազապուրծ փրկված որբերին:

Արևմտյան Հայաստանից գաղթած Հայաստան Սարգսյան-Կոստանյանն Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) որբանոցում է հայտնվում եղբոր՝ Ներսեսի հետ: Հայաստան տատի թոռնուհու՝ Գայանեի խոսքով` տատիկը գաղթել է Կարսի նահանգի Արմտլու գյուղից և ուներ մանկահասակ եղբայր:

«Պատմում էր, որ ինքը՝ փոքր աղջիկ, մինչև եղբոր անհետանալը, որբանոցում անընդհատ կանգնել է եղբոր օրորոցի մոտ ու օրորել է նրան, իսկ մի օր եկել է ու տեսել, որ օրորոցը դատարկ է, հետո ականջին է հասել, որ մանկատան փոքրերին տարել են Ամերիկա, իսկ ավելի մեծահասակների հետևից ավելի ուշ են գալու...»,- «Արմենպրես»-ին պատմում է Գայանեն: Այսպես Հայաստանն այլևս չի տեսնել իր եղբորն ու ողջ կյանքի ընթացքում փորձել է գտնել շիկահեր ու ականջի ծայրը կտրած իր Ներսես եղբորը: «Ասում էր, որ թուրքի ձեռքից փրկվելու ժամանակ եղբոր ականջի ծայրը կտրված է եղել, թե ո՞վ է եղբորը փրկել թուրքից, կամ ինչպե՞ս են հասել որբանոց՝ այդպես էլ չենք իմացել»,-ասում է Գայանեն՝ ենթադրելով, որ այդ ժամանակ տատիկը 4, իսկ նրա եղբայրը՝ 2 տարեկան է եղել:

a49d7c1b-19af-40ec-8186-0759e7ab6e0a.jpg (82 KB)

Մինչև խորհրդային կարգերի հաստատումը որբանոցից փոքրերին տարել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հետո Խորհրդային իշխանություններն արգելել են Հայաստանից երեխաների տեղափոխումը:

Աղջիկը որբանոցում մնում է 12 տարի: 12 տարեկանում Հայաստանն աշխատանքի է անցնում պահածոյի գործարանում:

Տարիներ անց Հայաստանն ամուսնանում է քարտաշ Սամսոնի հետ, ունենում են հինգ զավակ՝ 4 որդի և 1 դուստր: Գայանեն ավագ որդու մեծ դուստրն է: «Հայաստան տատն իր ավագ որդու անունը հոր՝ Հովհաննեսի անունն է դրել ու երբ հույսը կտրել է, որ կգտնի եղբորը, կրտսեր որդուն կոչել է Ներսես»,-պատմում է թոռնուհին։ Եղբոր կորստի սարսափը մինչ վերջ հանգիստ չի թողել տիկին Հայաստանին, դա էր պատճառը, որ երբեք չի թողել իր տանը դատարկ օրորոց լինի: Հիմա Հայաստան տատը չկա, չկա նաև նրա եղբորը գտնելու հույսը:

 

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am