Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԼՂ փախստականների միության նախագահը հայտնել է, թե որն է իրենց համար հավաքական վերադարձի ընդունելի տարբերակը

ԼՂ փախստականների միության նախագահը հայտնել է, թե որն է իրենց համար 
հավաքական վերադարձի ընդունելի տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը հայտնել է, թե որ դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը կվերադառնան իրենց հայրենիք։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ վերադարձի՝ իրենց համար ընդունելի և իրատեսական տարբերակը միջազգային ամուր և ընդգրկուն երաշխիքներով ու ապահովության և անվտանգության երկարաժամկետ տեսլականով հավաքական և միաժամանակյա վերադարձն է։

- Պարոն Գրիգորյան ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դուք, որ հանձն եք առել հայության մի մեծ մասի՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը, ի՞նչ կասեք այս մասին։

- Այսօր համազգային մեծ վշտի և հիշատակի օր է, որը համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ յուրաքանչյուրի մեջ ամփոփելով անարդարության և անչափելի կորստի չսփոփվող ցավի զգացումը։ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց պատմության ամենաողբերգական էջերից է, որն այսօր հանդիսանում է ազգը համախմբող գաղափարներից մեկը։ Ապրիլի 24-ը համաշխարհային քաղաքակրթության համար ահազանգ էր մարդկության դեմ հանցագործությունների վտանգի մասին, որն իր աղետալի հետևանքներն է ունենում մինչ օրս։ Կա թյուր կարծիք, որ հայերի ցեղասպանությունը սկսվել է 1915թ․, սակայն հայերի համակարգված ջարդերը իրականացվել են Աբդուլ Համիդ Երկրորդ սուլթանի օրոք՝ սկսած 1894-1896թթ․, ինչն օրինակ է ծառայել երիտթուրքերի համար։ Երիտթուրքերի որդեգրած պանթյուրքիզմի քաղաքականության նպատակն էր Մեծ Թուրանի՝ համաշխարհային Թուրքական կայսրության ստեղծումը, ինչը ակնհայտ կերպով նախատեսում էր ազգային փոքրամասնությունների թյուրքացում, որի մեծագույն խոչընդոտը հայերն էին։ Այս քաղաքականությանը զարհուրելի և վայրագ կերպով զոհ գնաց արևմտահայությունը, որի արդյունքում ունեցանք անասելի մարդկային կորուստներ, վիթխարի վնասներ՝ հասցված հայկական մշակույթին, սոցիալ-հոգեբանական խորը ազդեցություն և սեփական տարածքում ապրելու իրավունքի ոտնահարում: Մենք սերնդեսերունդ փոխանցել ենք այս ծանր հիշողությունը և շարունակելու ենք մեր սրտերում վառ պահել նախնյաց դառը ճակատագիրը՝ որպես մեզ միավորող, մոխրից հառնել սովորեցնող մի պատմություն:

 

- Ինչպիսի՞ն են Ձեր մտորումները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ, մասնավորապես 2020թ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից և 2023թ հայության հանդեպ ուժի սպառնալիքի ներքո բռնի տեղահանում իրականացնելուց հետո։

- Այս տարելիցը հատկանշական է նրանով, որ հայությունը մեկ անգամ ևս բռնության ենթարկվելով տեղահանվեց, կրկին զգալով կորստի և անարդարության դառը վիշտը։ Հարյուր տարի առաջ, զրկվելով իրենց տներից, հայերը դարձան դաժան բռնության և անորոշության զոհ, իսկ պատմա-մշակութային ժառանգությունը ոչնչացվեց և չստացավ համարժեք գնահատական ժամանակի ազդեցիկ պետությունների ու ցեղասպանություն իրագործած երկրի կողմից, ինչը ենթադրում էր կրկնվելու վտանգ։ Այսօր պատմությունը կրկնվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրած նմանօրինակ քաղաքականության արդյունքում։ 2020թ․ տեղի ունեցած ռազմական գործողությունները և 2023թ․ վերջին Ադրբեջանի կողմից իրականացրած բռնի տեղահանումը եկան ապացուցելու այս ճշմարտությունը։ Այս ամենը պետք է ցեղասպանության դեմ պայքարի և ոտնահարված իրավունքների վերականգնման խթան հանդիսանա՝ արժանանալով համապատասխան, գնահատականի և պատժի միջազգային կառույցների և հանրության կողմից՝ որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն։

 

-Ինչպե՞ս եք պատկերացնում ցեղասպան գործողությունները կանխելու պայքարը:

- Ցեղասպանության և տարբեր ոճրագործությունների կանխարգելումը պետք է լինի յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որը ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ են ընդունել Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Եվրախորհրդարանը, և այլն, սակայն այսօր այս մեխանիզմները բավարար չեն ցեղասպանությունները կանխելու համար, ինչի վառ ապացույցն են աշխարհում ընթացող իրադարձությունները։ Այսօր պետք է մշակվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովագրեն մարդկությանը ցեղասպան ակտերից և դրա հետևանքներից, ինչպես նաև կվերականգնեն ցեղասպանությունը վերապրած ժողովրդի իրավունքները։ Նույնօրինակ ոճրագործություններ է կրել արցախահայությունը։ Ամբողջ աշխարհը ականատես եղավ շուրջ 10 ամիս Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայության տառապանքին՝ սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սղության կամ իսպառ բացակայության պայմաններում։ Այս մեկ փաստը միայն լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի դրույթներին, սակայն մինչ օրս այս հումանիտար աղետի, սովամահության և մանկամահության, առևանգումների նախագծողները ոչ միայն ազատության մեջ են, այլև հարաբերվում են տարբեր երկրների հետ պաշտոնական և այլ մակարդակներում։ Հենց սա է ցեղասպանության անպատժելիության և շարունակականության գլխավոր, բայց ոչ միակ պատճառը։ Քանի դեռ մանրամասնորեն հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի 150 հազարից ավել հայության իրավունքների վերականգնման միջոցները և ճանապարհները՝ սկսած վերադարձի իրավունքի իրացումից մինչև բարոյական վնասի լիակատար փոխհատուցում, հայության վերջին էթնիկ զտումը կմնա որպես համաշխարհային արդարադատության վերջին և խոշորագույն խարան։

 

- Ի՞նչ մեխանիզմ է անհրաժեշտ արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար։

- Արցախահայերի անվտանգ վերադարձի մասին բազմիցս է հնչել միջազգային տարբեր կառույցների կողմից, բայց մինչ օրս գոյություն չունի մշակված մեխանիզմ արցախահայերի անվտանգ վերադարձի համար։ Այդ, մեխանիզմների բացակայությունը փաստում է անվտանգության ապահովման միջազգային կամքի բացակայության մասին։ Այդ նույն կամքը և համարձակությունը անբավարար էին ինչպես 10-ամսյա շրջափակման, այնպես էլ բուն ռազմական գործողությունների և էթնիկ զտման ժամանակ, այլապես այդ բոլոր հանցագործությունները ըստ արժանվույն գնահատված, կանխված, կամ գոնե թե միջազգայնորեն դատապարտված կլինեին։ Արցախահայերիս վերադարձի իրավունքն անհերքելի և անքակտելի է։ Վերադարձի՝ մեզ համար ընդունելի և իրատեսական տարբերակը միջազգային ամուր և ընդգրկուն երաշխիքներով ու ապահովության և անվտանգության երկարաժամկետ տեսլականով հավաքական և միաժամանակյա վերադարձն է մեր՝ պատմականորեն ամրագրված և գործնականորեն անօտերալի հայրենիք-ծննդավայր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am