Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է 
մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը:

«Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում:

Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:

Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.

  • Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն:
  • Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին:
  • ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը):

Նշվում է, որ 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am