Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի

Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորների միջև ծեծկռտուքն ընդհատել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ պատգամավորները քաղաքական հայտարարություններ են անում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի ընդունման կապակցությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և ընդդիմության միջև։

Առաջինը վեճն սկսել է իշխող կուսակցության պատգամավոր Դիտո Սամխարաձեն, որը նախ իր դիտողություններն է բացականչել «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի ելույթի ժամանակ, ապա անցել վիրավորանքների։ Ընդդիմադիր պատգամավորներն սկսել են պատասխանել նրան, և նիստն ընդհատվել է փոխադարձ բանավոր վիրավորանքներով։

Ավելի ուշ Սամխարաձեն միջանցքով շրջանցել է նիստերի դահլիճը և մյուս մուտքից շիշ նետել ընդդիմության շարքերը, ինչին էլ հետևել է ծեծկռտուքը։ Ծեծկռտուքին մասնակցել են երկու կողմերի թե՛ տղամարդ, թե՛ կին պատգամավորներ։

Այս պահին նիստերի դահլիճում իրավիճակը հանդարտվել է, և խորհրդարանը վերադարձել է աշխատանքին:

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am