Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ռուսական արվեստի թանգարանը «Կերոն» հիմնադրամի հետ կներկայանա նոր նախաձեռնություններով. կողմերը հուշագիր են կնքել

Ռուսական արվեստի թանգարանը «Կերոն» հիմնադրամի հետ կներկայանա նոր 
նախաձեռնություններով. կողմերը հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրման հոբելյանական տարում կներկայանա  նոր և հետաքրքիր ձևաչափով`  համագործակցելով «Կերոն» հիմնադրամի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի և զարգացման հիմնադրամի միջև կնքվեց  համագործակցության հուշագիր։

OLD04868.JPG (906 KB)

2024-ին թանգարանը նշում է իր հիմնադրի՝  ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը և թանգարանի հիմնադրման 40-ամյակը։ 

«Կերոն»-ը նորաստեղծ հիմնադրամ է, որի գործունեության առանցքային ուղղությունն է Հայաստանում նվիրյալ և նախաձեռնող մասնագետների միջավայրի ձևավորումը: Միևնույն ժամանակ, հիմնադրամը Հայաստանում և նրա սահմաններից դուրս կիրականացնի տարաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի հանրահռչակմանը, հարուստ ժառանգության պահպանմանը և տարածմանը:

OLD04893.JPG (853 KB)

«Թանգարանների գործունեության համար շատ կարևոր են համագործակցությունները հատկապես այն կազմակերպությունների հետ, որոնք խթանում են մշակույթի զարգացումը և աջակցում են նորարարական ծրագրերին»-ասաց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը: 

Նրա խոսքով՝ «Կերոն» հիմնադրամի  հովանավորությամբ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Ռուսական արվեստի թանգարանի դիմաց կիրականացվի «Սիմֆոնիկ Կասկադ» ֆլեշմոբ՝ յուրօրինակ փոքրիկ նախաձեռնություն մայրաքաղաքի սրտում: 

OLD04807.JPG (735 KB)

Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ այդ օրը կտրվի  նաև համատեղ իրականացվող  կրթամշակութային  նախաձեռնությունների՝ «Երաժշտական ուրբաթներ» և «Կրթական շաբաթներ» ծրագրերի մեկնարկը։ Հունիսից մինչև սեպտեմբերի վերջ  Ռուսական արվեստի թանգարանի  դիմացի հատվածում յուրաքանչյուր ուրբաթ երեկո կհնչի դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ,  իսկ շաբաթ առավոտյան կլինեն ինտերակտիվ կրթական ծրագրեր փոքրերի և մեծահասակաների համար։  

«Ակնկալում ենք, որ այս համագործակցությամբ կխթանվի թանգարանի նոր ձևաչափով հանդես գալը, որը և կնպաստի այցելուների աճին,- եզրափակեց թանգարանի տնօրենը:

Հիմնադրամի տնօրեն Վանանե Արարքցյանն էլ ներկայացրեց՝ հոբելյանական տարվա շրջանակներում «Կերոն» հիմնադրամի կողմից հովանավորվում է նաև Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում  «Մոսկվա-Երևան-Մոսկվա» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ռուսական արվեստի թանգարանի կազմակերպած այս յուրօրինակ ցուցահանդեսը կայանալու է հունիսի 4-ից օգոստոսի 12-ը  և նվիրվում է  թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125- ամյակին։ 

OLD04847.JPG (601 KB)

«Կարող ենք փաստել, որ այս թանգարանում 20-րդ դարի ռուս գեղանկարիչների՝ Ռուսաստանից դուրս գտնվող  լավագույն հավաքածուն է: Ցավոք, Հայաստանում քչերն են տեղյակ այս թանգարանի և այստեղ գտնվող աշխատանքների մասին, և այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հենց այս թանգարանի հետ համագործակցությունը  դարձնել հիմնադրամի առաջանային ծրագրերից մեկը: Ուրախ ենք, որ սկսում ենք մոտ կես տարվա ծրագիր թանգարանի հետ և վստահ ենք, որ ամփոփումից հետո կունենաք մեծ արդյունքներ»,- եզրափակեց նա: 

 OLD04823.JPG (834 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am