Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Պատմության գանձերը. Ք. ա. 23-22-րդ դարերին թվագրվող արծաթե սակրը՝ Հայկական լեռնաշխարհում իշխանության խորհրդանիշ

Պատմության գանձերը. Ք. ա. 23-22-րդ դարերին թվագրվող արծաթե սակրը՝ 
Հայկական լեռնաշխարհում իշխանության խորհրդանիշ

ԵՐԵՎԱՆ,  15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք. ա. 23-22-րդ դարերին թվագրվող արծաթե սակրը (կացին) հայտնաբերվել է Քարաշամբ հուշարձանի պեղումների ժամանակ «արքայական» կոչվող դամբարանից: Դամբարանը հայտնաբերվել է 1987 թվականին. այն ամբողջական համալիր է, որտեղ  առաջին անգամ, ըստ մասնագետների, կացինը հանդես է գալիս ոչ թե պարզապես գործիք կամ զենք, այլ որպես իշխանության խորհրդանիշ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը  նշեց՝ այն ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող պետական կազմավորումները  ունեցել են  իրենց պատկերացումները իշխանության մասին:

OLD02116.JPG (293 KB)

«Քարաշամբի հայտնի դամբարանից՝ ի թիվս այլ գտածոների, հայտնաբերվել է արծաթե ծիսական սակր։ Մարտական սակրը ունեցել է ծիսական նշանակություն։ Այն շքահանդեսային զենքի հոյակապ օրինակ է։ Սակրը միաձույլ է, աղեղնաձև կորացված մարտական սայրը վերջույթներում թամբի ձև ունի։ Կոթառը սահուն անցումով միանում է հորիզոնական տեղադրված հենաձողին՝ շրիշակին, որի կենտրոնը պսակված է գնդաձև ելուսով։ Կոթառի կենտրոնում օվալաձև միջանցիկ անցք է՝ բռնակի համար նախատեսված։ Սակրը երկու երեսից եզերված է պարուրաձև ոլորված, չընդհատվող ռելիեֆով»,- նշել է մասնագետը:

Թե ինչու է հատկապես կացինը ձեռք բերել իշխանության խորհրդանիշի նշանակություն, Զոհրաբյանը բացատրեց՝ արդեն գոյություն ուներ դիցաբանություն։ Եվ, ըստ դիցաբանության, գլխավոր աստվածը աշխարհի հավասարակշռությունը, առանցքը, աջն ու ձախը կառուցում է կացնի միջոցով, երբ կացնով հարվածում է և բաժանում է աշխարհը երկու մասի: Ըստ նրա՝ կացինը իշխանության մեջ կարևոր նշանակություն է ձեռք բերել նաև որպես դատական վճիռ կայացնող գործիք:

OLD02117.JPG (282 KB)

«Այս նմուշը բացառիկ  է, քանի որ տարածաշրջանում սա կացնի միակ օրինակն է, որն արծաթից է։ Համաժամանակյա  նույն տիպի կացիններ շատ կան, բայց բոլորը պղնձից և բրոնզից են»,- նշում է նա։

Մասնագետն ընդգծեց՝ պատահական չէ, որ Քարաշամբի գավաթի վրա պատկերված է արքա/աստվածը, որը ձեռքում պահում է սակր, իսկ նրա դիմաց դրված է ռազմական ավարը։ Սա հենց խոսում է այն մասին, որ սակրը իշխանություն խորհրդանշող ատրիբուտ է, որը կարող էր օգտագործվել նաև ծիսակատարությունների ժամանակ։

OLD02118.JPG (282 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am