Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա 
ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը պարտավորեցնում է արտասահմանից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին գրանցվել հատուկ գրանցամատյանում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Օրինագծին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո է դնելու օրինագծի վրա, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի այն հաղթահարելու։

Օրինագծի քննարկման ժամանակ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան»  կուսակցության պատգամավորների և ընդդիմադիր կուսակցությունների միջև ծեծկռտուք։

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական անգամ հավաքվել են ակցիաների մասնակիցները՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը։

Ընդդիմադիրները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են հանդես գալիս «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այն մի գծի վրա է դնում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում և խոչընդոտում է երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։

Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան արդեն ունեն օրենքներ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը գտնվում են քննարկման փուլում։ Մինչդեռ Եվրամիությունը և ԵՄ-ի առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Վրաստանին հրաժարվել այս օրինագծի ընդունումից։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։ Տարին մեկ անգամ նրանք պետք է լրացնեն հայտարարագիրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am