Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո

Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին 
նախազգուշացումից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ այն բանից հետո, երբ իր համախոհ, Թուրքիայի  Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին նախազգուշացրել է իրավապահ մարմինների շարքերում պատրաստվող պետական հեղաշրջման հնարավոր փորձի մասին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Նշվում է, որ Türkiye թերթի տեղեկատվությամբ՝ Թուրքիայում մեծ իրարանցում է առաջացրել Անկարայի անվտանգության վարչությունում ոստիկանության մի շարք աշխատակիցների հեռացումը, որոնք մեղադրվում են հանցավոր «Այհան Բորա Կապլան» կազմակերպության հետ կապերի մեջ։ Նրանց տներում խուզարկություններ են անցկացվել թվային նյութեր առգրավելու նպատակով։

ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ խոսք կարող է լինել իշխանության դեմ դավադրության մասին, և չի կարելի բավարարվել միայն մի քանի ոստիկանների հեռացնելով։ Քաղաքական գործիչը, հանդես գալով խորհրդարանում կուսակցական նիստում, զգուշացրել է 2016 թ. հեղաշրջման փորձի կրկնության հնարավորության մասին։

«Նախագահ Էրդողանը Բահչելիի հայտարարություններից հետո նախագահի նստավայրում գիշերն արտակարգ նիստ է անցկացրել արդարադատության նախարար Յըլմազ Թունջի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ», - գրում է թերթը։

Սպասվում է, որ Էրդողանն այդ թեմայի շուրջ հանդես կգա մայիսի 15-ին խորհրդարանում իշխող կուսակցության ընդլայնված նիստի ժամանակ։

Թուրքիայի իշխանությունները 2016 թ. հուլիսի պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել էր ավելի քան 80 հազար մարդ, շուրջ 150 հազար պետական ​​ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել էին աշխատանքից։ Ինքը՝ Գյուլենը, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am