Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթ կանցկացվի

Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ մասնագետների շրջանում կիբեռանվտանգության մասին գիտելիքները խթանելու, հմտությունների և փորձի փոխանակմանը նպաստելու, կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը խրախուսելու նպատակով մայիսի 18-ից 26-ը կանցկացվի կիբեռանվտանգության շաբաթ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շաբաթը կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության հետ համատեղ։ 

CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը նշեց՝ կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա մայիսի 18-ից 19-ը Երևանում՝ Armenia Marriott հյուրանոցում։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի շուրջ 15 մասնագետ` ինչպես Հայաստանից, այնպես էլ  արտերկրից հանդես կգան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Կքննարկվեն կիբեռանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները և այլն։

OLD05249.JPG (412 KB)

«Նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները շատ կարևոր են ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաև խրախուսում են կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտական համայնքի ձևավորմանը: BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող և ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրների 220 քաղաքներում։ Կարևոր է, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք նաև Հայաստանում։ Հուսով ենք՝ համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերն ու ելույթները կնպաստեն կիբեռանվտանգության ոլորտի տարածմանը և զարգացմանը Հայաստանում»,- ասաց Մարի Բարսեղյանը։

ՀՀ ԿԲ-ի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանի խոսքով՝ կիբեռանվտանգության մասնագետների կրթությունը և շարունակական զարգացումը, հավաքագրումն ու պահպանումը շարունակվում է մնալ թվայնացման ճանապարհը բռնած ցանկացած պետության հիմնական մարտահրավերներից մեկը:

OLD05233.JPG (509 KB)

«Կիբեռ-չարագործների, հաքերների համար ֆինանսական հաստատությունները միշտ եղել և շարունակում են լինել հարձակման հիմնական թիրախներից մեկը, այնուհանդերձ, վերջին տարիներին էապես շատացել են կրիտիկական ենթակառուցվածքների և փոքր ու միջին բիզնեսների վրա հարձակումները: Մի հարկի տակ բերելով ավելի հասուն ու պաշտպանված ֆինանսական հատվածի մասնագետներին և ոլորտի փորձագետներին ու ընկերություններին՝ մենք  նպատակ ունենք ստեղծել արդյունավետ միջավայր կիբեռանվտանգության նորագույն տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև սպառնալիքների և ռիսկերի կառավարման մեխանիզմների շուրջ արդյունավետ քննարկումների և գիտելիքի ձեռքբերման համար: Բոլոր զարգացած երկրները ունեն նմանատիպ շաբաթ և նույնիսկ ամիս: Մեկ ամիս շարունակ նվիրում են կիբեռանվտանգության հարցերի քննարկմանը, բարձրացնելու հասարակության յուրաքանչյուր ներկայացուցչի կիբեռգրագիտությունը»,- նշեց Ստեփանյանը:

Ստեփանյանը տեղեկացրեց՝ շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազմավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ և խորը տեխնիկական թեմաներ։ Միջոցառման 3-րդ օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի Expo-ի շրջանակում ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների կողմից նոր լուծումների, համակարգերի, գործիքակազմերի և պրոդուկտների ներկայացմանը։ 

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, արձանագրելով ձեռնարկությունների, բանկերի և պետական ​​գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի վրա գլոբալ մակարդակով աճող լայնածավալ հարձակումների ռիսկերը, հայտնեց,  որ չափազանց հրատապ և կարևոր է դարձել ազգային կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայության բարձրացումը: Սա առաջին հերթին ենթադրում է համապատասխան արագ արձագանքման ազգային ներուժի զարգացում: Ի հավելումն, մարդկային ներուժը և համապատասխան գործընթացներն ավելի կարևոր են, քան թանկարժեք տեխնոլոգիաները: Երիցյանը կարևորեց նաև միջազգային համագործակցության և տեղեկատվության փոխանակման դերը կիբեռդիմակայության բարձրացման հարցում:

OLD05252.JPG (519 KB)

«Երբեմն մեզ թվում է, որ կիբեռանվտանգության խնդիրները պետք է ինչ-որ մեկը մեզ համար լուծի, մոռանում ենք, որ կիբեռանաղարտությունը սկսում է հենց մեզնից՝ հասարակ քաղաքացուց: Թվայնացման աշխարհում անձնական տվյալների պաշտպանության և կիբեռհարձակումներից պաշտպանվելու խնդիրն անընդհատ աճում է, բայց մենք պետք է հասկանանք, որ դա բարդ տեխնոլոգիաների հետ չի առնչվում: Այս մեկ շաբաթվա միջոցառումները ընտրվել են այնպես, որ և՛ մասնագետները, և՛ ոչ մասնագետները, այս համակարգում իրենց ապագան տեսնող մարդիկ կարողանան իրենց համար միֆերը վերացնել: Շաբաթվա ընթացքում մի քանի պետական համակարգերի խոցելիության ստուգումներ կիրականացվեն»,- ասաց Երիցյանը: 

Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակի «Bug Bounty» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մասնակից հաքերների թիմերը պետք է փորձեն մուտք գործել և գտնել տրամադրված համակարգերի խոցելիությունները: Լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ից 26-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am