Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

Հաստատվել է սահմանազատման գործընթացի մի սկզբունք, որը գործելու է 
Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի այս փուլում ամենակարևոր արձանագրումը համարում է ԽՍՀՄ փլուզման պահին իրավական ուժով գոյություն ունեցած սահմանը վերարտադրելու  վերաբերյալ ձևավորված և հաստատված սկզբունքը, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով Տավուշում իրականացված սահմանազատման արդյունքները։

Անդրադառնալով Ոսկեպար-Բաղանիս  հին ճանապարհի վերաբերյալ այս ընթացքում բարձրաձայնված մտահոգություններին՝ Փաշինյանը հավաստիացրեց, որ այն սահմանազատման արդյունքում ոչ միայն ամբողջությամբ ՀՀ դե յուրե վերահաստատված ինքնիշխան տարածքում է, այլև, ըստ էության, նոր հանգամանքների բերումով երթևեկության համար այլևս անվտանգ է դարձել։

Ինչ վերաբերում է Ոսկեպարի եկեղեցուն, ապա, ըստ վարչապետի, սահմանազատումից հետո  բավականին մեծ տարածություն է առկա եկեղեցու և սահմանային գծի հատվածում։

«Ինչո՞ւ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիս և Բերքաբերի հատվածներում, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։

Ինչո՞ւ մենք որոշակի խնդիրներ կարող էինք ունենալ և ունենք Կիրանցի հատվածում․ էլի նույն պատճառով, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ  սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,-պարզաբանեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքը, քարտեզագրական, քաղաքական և իրավական հիմքերի արձանագրումը շատ կարևոր է, քանի որ, ըստ էության, գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և բոլոր հատվածների համար։

«Ընդ որում՝ սա կարևորագույն շարժառիթներից մեկն է, որ մենք համաձայնվել ենք այս սկզբունքը որդեգրել, որովհետև մենք հաշվի ենք առել, որ հիմա ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա ամբողջ գործընթացի համար։ Սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»,-պարզաբանեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ  այնտեղ, որտեղ կողմերը որոշակի փոխզիջումների անհրաժեշտություն կտեսնեն, ապա այդ հարցը կարող է քննարկվել երկրների օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան կերպով։

«Բայց այս փուլի ամենակարևոր արձանագրումն այն է, որ ձևավորվել է և հաստատվել է սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով, և ամբողջ երկայնքով մենք գնալու ենք գոյություն ունեցած, Խորհրդային Միության փլուզման պահին իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով»,-համոզմունք հայտնեց կառավարության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ սահմանազատման այն հատվածներում, որտեղ խնդիրներ կծագեն, կառավարությունը հետևողականորեն կլուծի։

«Ես ուղղակի համոզված եմ, որ մենք կայացրել ենք մի որոշում, որն անկյունաքարային է դեռևս 2019 թվականին մեր հայտարարած ռազմավարական նպատակն իրագործելու ճանապարհին։ Իսկ այդ ռազմավարական նպատակը ՀՀ ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն է»,-ընդհանրացրեց ՀՀ վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am