Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի 12 հարց

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի 12 հարց

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 24-ին Աշխաբադում կայանալիք նիստի մասնակիցները կքննարկեն 12 հարց․ շեշտը կդրվի տնտեսության վրա։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Ակնկալվում է, որ Կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը կներկայացվի 12 հարց», - ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Նուռլան Սեյթիմովը Մինսկում Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններին կից ԱՊՀ մասնակից պետությունների մշտական ​​լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի մեկնարկից առաջ։

Սեյթիմովը հայտնել է, որ Աշխաբադի հանդիպմանը «պատվիրակությունների ղեկավարները նեղ ձևաչափով մտքեր կփոխանակեն և կքննարկեն ԱՊՀ-ի տնտեսական զարգացման հրատապ հարցերը»։

«Օրակարգում են նաև ավելի լայն շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են, ընդհանուր առմամբ, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը: Հիմնական ուշադրությունը կնվիրվի համագործակցությանը տնտեսության, էներգետիկայի, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում,- ասել է նա: - Ակնկալվում է, որ կսահմանվեն մի շարք հայեցակարգեր քիմիական արդյունաբերության, վտանգավոր թափոնների գործածման և շրջակա միջավայրում կուտակված վնասի օբյեկտների վերացման բնագավառում, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում մինչև 2035 թվականը: Նաև կընդունվեն միջոցառումների ծրագրեր, որոնք թույլ կտան իրականացնել այդ հայեցակարգերը»:

«Հանդիպման մասնակիցները մտադիր են, բացի այդ, հաստատել մինչև 2030 թվականն ԱՊՀ անդամ երկրների ենթակառուցվածքի օպտիմալացման և այդ երկրների տարածքներով անցնող միջազգային փոխադրամիջանցքների զարգացման գործողությունների ծրագիրը: Այդ փաստաթղթի ընդունումը թույլ կտա բարելավել տրանսպորտային ենթակառուցվածքը, որն ունի համաձայնեցված տեխնիկական պարամետրեր, և փոխադրումների  տեխնոլոգիաները», - տեղեկացրել է Համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատարը։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգային կետերից մեկը կլինի Աշխաբադի հռչակումը Համագործակցության նոր սպորտային հնարավորությունների քաղաք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am