Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ադրբեջանում հանցագործությունները կատարվում են տոտալ անպատժելիության մթնոլորտում․ ՄԱԿ-ը հանդես է եկել խոշտանգումներին առնչվող զեկույցով

Ադրբեջանում հանցագործությունները կատարվում են տոտալ անպատժելիության 
մթնոլորտում․ ՄԱԿ-ը հանդես է եկել խոշտանգումներին առնչվող զեկույցով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով ասուլիսում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտնեց, որ 2024 թվականի ապրիլի 22-ին իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկման շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնի անհետացումների դեպքերը։

Ավելի վաղ, 2024թ. մարտի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն  իրավապաշտպան գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ ներկայացրել էր նաև այլընտրանքային զեկույց: Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները՝ ապահովելու խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։

«Մեր զեկույցում ներկայացվել են շեշտադրումներ դեռևս 2016, 2020, 2021, 2022 թվականների պատերազմական  հանցագործությունների վերաբերյալ, որոնք գործել է ադրբեջանական կողմը, և որոնք կատարվել են ատելության խոսքի հիման վրա։ Հատուկ ընդգծվել է նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին, ինչի պատճառով գրանցվել են ահասարսուռ հանցագործություններ։ Ադրբեջանը դարձել է սանձարձակ հիմնականում անպատժելիության պատճառով։ Զեկույցում անդրադարձել էինք նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, դրա հետևանքներին, տեղի հայ բնակիչների իրավունքների համատարած խախտումներին, նրանց նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքի դրվագներին»,- ասաց Մելքոնյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրափակիչ եզրահանգումներում կան կարևոր շեշտադրումներ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում էթնիկ և ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ։  Նշվել է արտադատական սպանությունների հանգամանքի, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի տարբեր դրսևորումների մասին, որոնք կարմիր թելով անցել են մասնագիտացված կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր զեկույցներում։

«ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն փաստել է հանցագործություն կատարողների կողմից պատասխանատվության ենթարկվելու վախի իսպառ բացակայությունը և, հղում կատարելով տեսագրություններին, արձանագրել է այնպիսի սահմռկեցուցիչ հանցագործություններ, ինչպիսիք են, օրինակ, ողջ մարդկանց գլխատումները, դիակապտությունները, ռազմագերիների նկատմամբ բռնությունների տարբեր դրսևորումները։ Հանցագործներից շատերին մենք արդեն իդենտիֆիկացրել ենք այդ տեսանյութերից, սակայն Ադրբեջանում տակավին գործում է տոտալ անպատժելիության մթնոլորտը, ինչը հաստատել է նաև ՄԱԿ-ի վերոհիշյալ կոմիտեն»,- հայտնեց Մելքոնյանը։   

Նա հավելեց, որ զեկույցում շատ կարևոր անդրադարձ է եղել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ, որի հետևանքով դեռևս կալանավորված անձինք մնում են ադրբեջանական բանտերում և նրանց հայրենադարձության հարցի լուծմանն ադրբեջանական կողմը խոչընդոտում է։ Կոմիտեն նաև արձանագրել է, որ ռազմագերիների իրավունքներին առնչվող Ժնևյան կոնվենցիան պետք է տարածվի նաև հիշյալ անձանց վրա, ուստի Ադրբեջանին առաջարկել է անհանդուրժողականություն դրսևորել խոշտանգումների հարցում և հայերի հանդեպ իրականացված հանցագործությունների առթիվ սկսել անաչառ քննություն։   

Լեռնային Ղարաբաղի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանն իր հերթին ասաց, որ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային զեկույցներ էին ներկայացրել ոչ միայն հայկական, այլև միջազգային մի շարք կազմակերպություններ։ 

«Զեկույցների մեծ մասը հիմնականում վերաբերում էին հակամարտության պայմաններում հայերի հանդեպ տեղի ունեցած խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի դեպքերին։ Քանի որ դրանք նախկինում միջազգային հանրության պատշաճ ուշադրությանը չէին արժանացել, հետևաբար հետագա տարիներին, 2020-22 թվականներին, տեղի են ունեցել ավելի մեծ ու լայնամասշտաբ, ավելի դաժան հանցագործություններ։ Ադրբեջանական բանտերում են գտնվում 23 անձինք, որոնց հանդեպ խտրական ու անմարդկային վերաբերմունքը շարունակվում է։ Հայաստան վերադարձած ռազմագերիների հետ անցկացված հարցազրույցները վկայում են, որ ակնհայտորեն համակարգային ատելության հիման վրա խոշտանգումներ և այլ հանցագործություններ են տեղի ունենում բոլոր հայերի նկատմամբ՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից»,- ասաց Բեգլարյանը։

Նա շեշտեց, որ հայկական կողմի համար ամենակարևոր պայմանն այն է, որ հանցագործները պատժվեն և հավելեց, որ Ադրբեջանում համատարած հայատյացության պայմաններում անհնար է արդար ու արդյունավետ հետաքննություն անցկացնել։

«Մենք ներկայացրել ենք անհերքելի փաստեր, ուստի վաղուց ժամանակն է զերծ մնալ նրբանկատություններից ու դիվանագիտական լեքսիկոնից՝ հնչեցնելով ուղիղ գնահատականներ, քանի որ միջազգային ատյաններից հնչող գնահատականները որոշ դեպքերում ավելի մեղմ են, քան իրականությունն է։ ՄԱԿ-ի մարմիններն ունեն որոշակի կաշկանդվածություն՝ պայմանավորված իրենց մանդատով, և նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից, ցեղասպանությունից հետո դեռ պահպանվում է կողմերի միջև հավասարության նշան դնելու և պարիտետ պահելու միտումը՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչն էլ հատկապես ադրբեջանական կողմն ամեն գնով բոլոր հնարավոր հարթակներում մանիպուլացնում է՝ ձգտելով նվազեցնել միջազգային ճնշումը։ Իսկապես անընդունելի է արդարությունը զոհել ինչ-ինչ դիվանագիտական գործընթացների։ Ադրբեջանը դասեր չի քաղել և բանակցային գործընթացն օգտագործում է որպես լծակ՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար, մինչդեռ ՄԱԿ-ն ու միջազգային կազմակերպությունները պետք է ամբողջությամբ կիրառեն իրենց գործիքակազմը, այդ թվում՝ մոնիթորինգային մեխանիզմները, որպեսզի կանխեն հետագա հանցագործությունները»,- ասաց Բեգլարյանը։  

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում:

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am