Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դպրոցական բուլինգ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ․ դպրոցական բուլինգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռահասների շրջանում պրակտիկ հոգեբանական խորհրդատվության ընթացքում բացահայտված խնդիրներից ամենատարածվածներից է դպրոցական բուլինգը:

Այն անձի նկատմամբ ագրեսիվ վարքն է, որն արտահայտվում է վիրավորանքով, ծաղրով, սպառնալիքով, գերիշխելու կամ վախեցնելու դրսևորմամբ: Երևույթին բնորոշ է սիստեմատիկ ու հաճախակի բնույթը: Արդյունքում բուլինգը խաթարում է դեռահասի հոգեկան առողջությունը, անվտանգության ապահովության պահանջմունքը, վտանգում է պաշտպանվածության զգացումը:

Երևույթին «Արմենպրես»-ն անդրադարձել է «Բացահայտելով հոգեբանի հետ» պոդքաստային հատուկ նախագծում՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիլիթ Վարդանյանի հետ խոսելով բուլինգի տարածվածությունից, բնորոշ գծերից, դրա դեմ պայքարի ու հաղթահարման մոտեցումներից:

MXO_4627.JPG (556 KB)

«Հաճախ դեռահասները լուռ տառապում են և չեն բարձրաձայնում, որ իրենք բուլինգի են ենթարկվում: Պետք է ուշադիր լինենք դեռահասի սոցիալական վարքին, եթե նա մեկուսանում է, երևույթը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել, որ դեռահասն ունենա թիմ, միայնակ չմնա, ինչ էլ լինի, իմանա, որ իրեն սիրում են, ընդունում են և պատրաստ են սատարել»,-նշում է մասնագետը:

Պրակտիկ հոգեբանի փորձը փաստել է՝ հանդիպում են այցելուներ, որոնք այլևս դպրոցական չեն, սակայն նշում են, որ դպրոցական տարիներին ենթարկվել են բուլինգի և ունեն այս իրողության հետ կապված տրավմատիկ հիշողություն։ «Այս տրավմատիկ փորձը, եթե չի հաղթահարվում, հանգեցնում է խոցելի սոցիալական հարաբերությունների ու անինքնավստահ սոցիալական վարքի։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ համեմատաբար հաճախ են բուլինգի զոհ դառնում այն աշակերտները, որոնք ունեն ուսումնական անհաջողություններ, հոգեվարքային խանգարումներ, քաշի խանգարումներ, սոցիալապես անապահով ընտանիքներից են, բայց նաև պետք է նշել, որ բուլինգից ապահովագրված չէ ոչ ոք»,-նկատում է Լիլիթ Վարդանյանը: 

Բուլինգը կարող է դրսևորվել ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բուլինգն իրականացվում է սոցիալական ցանցերի, SMS-ների, էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակի միջոցով:

Ինչպես հասկանալ, որ երեխան դպրոցում բուլինգի է ենթարկվում, ինչ քայլեր անել կանխելու, ինչպես հաղթահարել, ովքեր են բուլերներն ու բուլինգի ենթարկվողները. այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ տրվում են զրույցի աուդիո և վիդեո տարբերակում։ 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am