Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց հերթական օրն ու հայտնեց առաջիկա գործողությունների մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց հերթական օրն ու հայտնեց 
առաջիկա գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 16-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկաներին տեղեկացրեց, որ օրվա ընթացում հանդիպումներ է ունեցել տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների և նրանց ներկայացուցիչների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության անդամների, Շանթ Հարությունյանի, Պարույր Հայրիկյանի, ինչպես նաև բժիշկների և տարբեր այլ անհատների հետ։ 

Նա հայտնեց առաջիկա օրերին ուսանողների, դասախոսների, բժշկական համայնքի ներկայացուցիչների, նախկին սպաների, մշակութային գործիչների, տնտեսագետների և այլ մասնագետների հետ հանդիպման նպատակների մասին։ 

«Հենց սկզբից ասեմ, որ ձեր մտքերը հանգիստ լինեն․ այս շաբաթն ամբողջացնելուց հետո մենք մեծ հանրահավաք ենք հրավիրելու։ Վաղը երեկոյան թվականն ու ժամը կասեմ։ Այդ հանրահավաքին, որը լինելու է ամենաառանցքայինը, կիմանաք մեր հաջորդական և անդադար գործողությունների մասին։ Մենք հիմա համակարգման և ինստիտուցիոնալ վիճակի մեջ ենք»,- նշեց Բագրատ արքեպիսկոպոսը՝ կարևորելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է մնալ տեղի ունեցող իրադարձությունների օրակարգի մեջ և չշեղվել նախանշված նպատակներից։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրությանը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց` «այդ գործընթացը տեղի է ունեցել գաղտնի կերպով»։

«Մեր Կիրանցի ժողովուրդը փողոցներում է, ճանապարհ են փակել փոքրով ու մեծով, և պետք է խնդրեմ, որ մեր պարոն Գառնիկ Դանիելյանը մի փոքրիկ պատվիրակությամբ մեկնի Կիրանց, որպեսզի գյուղի բնակիչները չմտածեն, որ իրենք լքված են»,- նշելով, որ որքան էլ հիմնական խնդիրը Երևանում է, այդուհանդերձ անհրաժեշտ է ներկա լինել նաև հենց տեղում՝ Կիրանցում։

Նշելով, որ հասկանում է հանրահավաքի և շարժման մասնակիցների այն մտքերը, որ վերոնշյալ նպատակին հասնելու գործընթացը իրականացվում է շատ դանդաղ քայլերով՝ այդուհանդերձ, նրա խոսքով, «իշխանություններին հեռացնելու համար պետք է լինել համառ և համբերատար»։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի մասնակիցներին հավաստիացրեց, որ շարժումը շարունակվելու է նույնիսկ այն դեպքում, եթե ինքը մնա միայնակ։

Նա տեղեկացրեց, որ առաջիկա հանրահավաքի ժամանակ շարժման կողմնակիցներին կներկայացվի հետագա անելիքների հստակ ճանապարհային քարտեզը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am