Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շիրակի մարզում գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառումը համակարգելու է մարզային հանձնաժողովը

Շիրակի մարզում  գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառումը  
համակարգելու է մարզային հանձնաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում  գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառումը  կանցկացվի հոկտեմբերի 11-31-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվառման կազմակերպչական աշխատանքները Շիրակի մարզում համակարգելու է «ՀՀ-ում 2024-ի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովը», որի նախագահը Շիրակի մարզպետն է։

Գործընթացի կազմակերպչական հարցերն ու առաջիկա անելիքները մայիսի 20-ին քննարկել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Վիճակագրական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Անահիտ Մարգարյանը։

«Մարզային հանձնաժողովը ամենասեղմ ժամկետներում կձևավորվի, հանձնաժողովականները կստանան անհրաժեշտ հանձնարարականները, Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում կաջակցի Վիճակագրական կոմիտեի մարզային վարչությանը գործընթացի թե կազմակերպչական մասը հավուր պատշաճի իրականացնելու, թե հաշվառումն առանց խոչընդոտների անցկացնելու համար»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։

Անահիտ Մարգարյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականացնելու են հաշվարարները, գործընթացում Շիրակի մարզում կներառվի շուրջ 400 հաշվարար։ Վերջիններս տեղեկատվություն տրամադրողներից՝ գյուղաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից հավաքագրում են համընդգրկուն տվյալներ գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ։

Գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացվելու է վիճակագրական տվյալների շտեմարաններ ձևավորելու նպատակով, որոնք կօգտագործվեն գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն և ծրագրեր մշակող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները։ Գյուղատնտեսության կառուցվածքին են վերագրվում գյուղատնտեսական նշանակության հողերը, մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, հողերի ոռոգման աղբյուրները, գյուղատնտեսական կենդանիները, տեխնիկան, շինությունները, մարդկային և նյութական առկա ռեսուրսները։

Օրենքով սահմանված կարգով համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վերջիններս պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ հարցաթերթի բոլոր հարցերին։       

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am