Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ արձագանքել են ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Ռայիսիի և այլ պաշտոնյաների զոհվելուն

Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ արձագանքել են ուղղաթիռի վթարի 
հետևանքով Իրանի նախագահ Ռայիսիի և այլ պաշտոնյաների զոհվելուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ ցավակցություններ են հղել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի «անկեղծ ցավակցությունն» է հայտնել Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և իրանցի մյուս պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես ցավակցություն է հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին։

ՆԱՏՕ-ն նույնպես ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։ X սոցիալական հարթակում համապատասխան գրառում է արել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում ընդգծել է Ռայիսիի դերն իր երկրին ծառայելու, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգացնելու գործում։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռայիսիի «ողբերգական մահն» անվանել է «մեծ կորուստ իրանցի ժողովրդի համար»՝ նշելով, որ Չինաստանի ժողովուրդը «կորցրել է լավ ընկերոջ»։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում գրել է, որ «խորապես վշտացած և ցնցված է» Ռայիսիի մահվան պատճառով։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկիրը ցավակցություններ է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող պաշտոնյաների մահվան առնչությամբ։

Իսկ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Վիեննայում միջուկային անվտանգության շուրջ համաժողովը սկսել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Ռայիսիի, Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող պաշտոնյաների հիշատակը։

Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ ցավակցություններ են հղել նաև Սաուդյան Արաբիայի թագավորը և գահաժառանգ արքայազնը, Եգիպտոսի, Թուրքիայի և Վենեսուելայի նախագահները, Ճապոնիայի կառավարությունը, Շրի Լանկայի նախագահը, Հորդանանի թագավորը, Սիրիայի նախագահը, Իրաքի վարչապետը, Կատարի էմիրը, Պակիստանի վարչապետը և այլք։

Պակիստանում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում սուգ են հայտարարել Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am