Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թուրքիայում մեծանում երկրի անցյալը քննադատող քաղաքացիների թիվը. ՀՀ նախագահի մրցանակի հաղթող Թեսսա Հոֆման

Թուրքիայում մեծանում երկրի անցյալը քննադատող քաղաքացիների 
թիվը. ՀՀ նախագահի մրցանակի հաղթող Թեսսա Հոֆման

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստիճանաբար մեծանում է Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, որոնք քննադատորեն են մոտենում իրենց երկրի անցյալին: Լրագրողների հետ զրույցում Հայոց ցեղասպանության հիմնահարցերի ուսումնասիրության եւ այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացած Գերմանիայից Թեսսա Հոֆմանը նշեց, որ իր համար այդ փաստը ոգեշնչման աղբյուր է եւ միաժամանակ մխիթարանք: «Շատերը Թուրքիայում քննադատորեն են մոտենում իրենց երկրի անցյալին: Նրանք ուսումնասիրում եւ դատապարտում են հանցագործությունները եւ տարբեր ուղիներով արտահայտում իրենց զորակցությունը ցեղասպանության զոհերի ժառանգներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հոֆմանը: Նրա խոսքով` դա մասնավորապես ակնհայտ է դառնում այնպիսի երկրներում, ինչպիսին Գերմանիան է, որտեղ թուրքական եւ հայկական համայնքներ կան: Այդ պատճառով գիտնականը Եվրոպայի կենտրոնական եւ հյուսիսային պետությունների օրենսդիր մարմիններին ու կառավարություններին խորհուրդ է տալիս հաշտեցումն իրականացնելու համար թուրքական միգրանտ-համայնքներում ցեղասպանության վերաբերյալ կրթական հատուկ ծրագրեր անցկացնել` դրանով իսկ չընկրկելով հավանական ազգայնական բողոքների առջեւ:

«Այդ նպատակով բավարար չէ երիտասարդ թուրքերին եւ հայերին պարզապես միասին բերել համերգների կամ այլ մշակութային միջոցառումների` առանց հաշվի առնելու ցեղասպանության պաշտոնական ճանաչման նրանց պահանջները»,- ընդգծեց ցեղասպանագետը: Նրա գնահատմամբ` գերմանական օրենսդիրները եւ կառավարությունը, գոնե ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առթիվ վերջապես կձեւակերպեն օրենսդրական հստակ որոշում` պետական մակարդակով է 1, 5 միլիոն հայերի եւ այնուհետեւ առնվազն կես միլիոն արամալեզու քրիստոնյաների բնաջնջման վերաբերյալ:

Գիտնականը նշեց, որ 2005 թվականին, չնայած Գերմանիայի Արտաքին գործերի գրասենյակի արխիվներում առկա մեծաքանակ վկայություններին, Գերմանիայի օրենսդիրը խուսափեց պատմական փաստերը բացահայտորեն ընդունել որպես ցեղասպանություն կամ հանցագործություն ընդդեմ մարդկության:

«Նրանց անվճռական որոշումը հուսախաբ արեց ոչ միայն Գերմանիայի հայ համայնքին, այլեւ գիտնականների եւ մարդու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպություններին, այդ թվում Working Group Recognition կազմակերպությանը, որի նախագահը ես եմ»,- նշեց Հոֆմանը: Նա շեշտեց, որ Գերմանիայում ապրող թուրք ազգաբնակչության համար օրինակ եւ չափանիշ է հանդիսանում այն, թե Գերմանիան ինչպես է վարվոմ իր ոճրագործ անցյալի` նացիոնալ-սոցիալիստների իշխանության եւ երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների հետ` դառնալով օրինակ առերեսվելու իրենց սեփական ազգի քրեական անցյալի հետ:

«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ որոշումներ ընդունող իմ պատասխանատու հայրենակիցները ժամանակին կհասկանան իրենց պարտավորությունների կրթական եւ օրենսդրական կարեւորությունը եւ կգործեն դրան համապատասխան»,- ասաց գիտնականը: Նա շնորհակալ է ամբողջ հայ ազգին, որը հակառակ բոլոր դիմակայություններին շարունակում է պայքարել, որ իր նախնիների նկատմամբ մոտ հարյուր տարի առաջ կատարված բազմաթիվ հանցագործությունները միջազգայնորեն դատապարտվեն:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ երկու տարիները իր համար առիթ են կրթական եւ քաղաքական հիշողության միջոցառոմներ իրականացնելու համար: «2014 թվականին լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման հարյուրամյակը: Քանի որ Եվրոպան եւ հատկապես Գերմանիան այդ պատերազմից չքաղեցին պետք եղած դասերը, հաջողեց էլ ավելի սոսկալի աշխարհապատերազմ` իր հետ բերելով առավել մեծածավալ ցեղասպանություններ: Ես նաեւ հուսով եմ, որ մեզ կհաջողվի ավարտել թուրք-օսմանյան ցեղասպանության քրիստոնյա զոհերի համար Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կառուցել էկումենիկ ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը»,- նշեց Հոֆմանը:

Նա ՀՀ  նախագահի կողմից ստացած դրամական մրցանակի մեծ մասը նվիրաբերելու է հենց այդ նպատակի համար, սակայն հուշահամալիրի ընդհանուր ծախսը կազմում է 140 000 եվրո, եւ հետեւաբար առջեւում դեռ մեծ դրամահավաք իրականացնելու անհրաժեշտության կլինի: Նա այս հարցում ակնկալում է նաեւ Գերմանիայի իշխանությունների, այդ թվում դաշնային կառավարության աջակցությունը: Դրամական մրցանակի մի մասն էլ Հոֆմանը խոստացավ տրամադրել  Կոստանդնուպոլսում ապրիլի 24-ին ձերբակալված հայ գրողներից 16-ի գործերի թարգմանության եւ հրատարակման ծրագրերի համար:  «Դրանց ընթերցումը Բեռլինի հայ, գերմանացի, թուրք եւ քուրդ քաղաքացիների կողմից կդառնա երկրորդ, թերեւս գրական հուշարձանը այն անհարմար, անհայտ եւ հավերժ լուռ զոհերի, որոնք այդպես էլ գերեզման չունեցան»,- հավելեց գիտնականը:

Հոֆմանը շուրջ 40 տարի աշխատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Նրա` ցեղասպանության վերաբերյալ հետազոտությունները հիմնականում վերաբերել են Արեւմտյան Հայաստանում, Փոքր Ասիայում եւ Միջագետքում Օսմանյան կայսրության կողմից ավելի քան երեք միլիոն բնիկ քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am