Երևանյան բեսթսելեր 4/13. «Պանտալեոնը և այցելուների ջոկատը» վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Երկրորդ տեղում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Երրորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը չորրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Հինգերորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:
Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն վեցերորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Մարիո Վարգաս Լյոսայի «Պանտալեոնը և այցելուների ջոկատը» յոթերորդն է: Հեղինակի վկայությամբ՝ վեպի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնց հենց ինքն է ականատես եղել, երբ 1958 և 1964 թվականներին ճամփորդելիս է եղել Պերուական Ամազոնիայում:
Իմրե Կերտեսի «Անբախտություն»-ը ութերորդ հորիզոնականում է: Հունգարացի գրողի 1975-ին լույս տեսած «Անբախտությունը»վեպը Հոլոքոստի մասին գրված տաղանդավոր ստեղծագործություններից է:Ծագումով հրեա Կերտեսի վեպը 2002-ին արժանացավ Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում, որով մեկ անգամ ևս վավերացվեց «Անբախտության» կարևոր դերը համաշխարհային հոլոքոստապատումի համատեքստում:
Ջորջ Օրուելի «1984» վեպը իններորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Տասներորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 18 | |
2 | +3 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 17 | |
3 | -2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 10 | |
4 | * |
Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
Բուկինիստ | 8 | |
5 | 0 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 8 | |
6 | * |
Դեն Բրաուն «Ինֆեռնո» |
Զանգակ | 6 | |
7 | * |
Մարիո Վարգաս Լյոսա «Պանտալեոնը և այցելուների ջոկատը» |
Անտարես | 6 | |
8 | +2 |
Իմրե Կերտես «Անբախտություն» |
Անտարես | 6 | |
9 | -1 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 6 | |
10 | -7 |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում