Անցած տարի պետպատվերով սրտի վիրահատության ծրագրից օգտվել է 1400 մարդ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետպատվերով սրտի վիրահատության ծրագրից 2015թ. օգտվել է 1400 մարդ: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հարցին:
«Մենք ավելացրել ենք նաև նման վիրահատությունների համար հատկացվող բյուջետային միջոցները, և 2015թ. 1400 մարդ օգտվել է այդ ծրագրից, 2016թ. էլ ծրագիրը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:
Նա հավելեց, որ պետպատվերով սրտի վիրահատություն իրականացվում է հանրապետության 12 հիվանդանոցներում, նաև մարզերում՝ Գյումրիում և Սյունիքում: «Բոլոր տեղերում, որոնք լիազորված են և հնարավորություն ունեն սրտի վիրահատություն կատարել, մենք ապահովել ենք հասանելիություն և մատչելիություն»,- եզրափակեց փոխնախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում