Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում հայտնվելու նպատակն իրագործելի է

Աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում հայտնվելու նպատակն իրագործելի է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության` 2019-ին աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում հայտնվելու նպատակն իրագործելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վստահ են ոլորտի մասնագետներն ու փորձագետները, պետական գերատեսչությունների ներկայացուցիչները` շեշտադրելով հավակնոտ նպատակներ սահմանելու և դրանց ձգտելու անհրաժեշտությունը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը կարծում է, որ նպատակին կարելի է հասնել լուրջ ֆինանսական հոսքեր ապահովելու պարագայում: Նույն կարծիքին է նաև նշյալ նախարարության Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանն ու ՎՕԼՕ ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը: Այս մասին «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի շրջանակներում ՏՏ ոլորտում ներդրումներ գրավելու և գրավիչ միջավայր ստեղծելու հարցերի քննարկման ժամանակ հայտարարեցին բանախոսները:

Հայաստանում ներդրում կատարելու երեք հիմնական պատճառ

«Առաջինը՝ մեր բազմակողմանի առևտրային ազատ ռեժիմները տարբեր երկրների հետ, ինչը տարածաշրջանային առանձնահատկություն է: Երկրորդը` մեր ժողովրդի բնական աշխատասիրությունն ու տաղանդը տարբեր ոլորտներում: Երրորդը` ազատ ներդրումային միջավայրն ու հնարավորությունները: Հայաստանը տալիս է ազգային ու առավել բարենպաստության ռեժիմ, մեզ մոտ սահմանափակումներ չկան օտարեկրյա ներդրողների հանդեպ»,- ներկայացրեց Վահագն Լալայանը:

Հայաստանը ստարտափ հանգույցի վերածելու ՎՕԼՕ-ի տեսլականը

2006 թվականին հիմնադրված, 2014-ից Հայաստանից դուրս ընդլայնված ու Ուկրաինայում և Բելառուսում գրասենյակներ հիմնած ընկերությունը բիզնեսի զարգացման համար խնդրահարույց է համարում Հայաստանում ռեսուրսների սակավությունը: «Ռեսուրսների խնդիր ունենք Հայաստանում, դրա պատճառով էլ գրասենյակներ հիմնեցինք Ուկրաինայում, Բելառուսում, բալկանյան շուկայում գործունեություն սկսելու մասին ենք մտածում այժմ: Հիմնական խնդիրը մասնագետների պակասն է: Ներդրումներ կատարելուց առաջ պետք է լուրջ ուշադրություն դարձնել կրթական բաղադրիչին: Հիմա մենք մտածում ենք Իրանից, ասիական երկրներից, Բանգլադեշից արտաքին աշխատուժ ներգրավելու մասին՝ Հայաստանը նրանց համար գրավիչ հանգույց դարձնելու նպատակով»,-ասաց Արմեն Քոչարյանը:

 

Հայաստանի` որպես տեխնոլոգիական երկրի բրենդի ձևավորում

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը Հայաստանի`տեխնոլոգիական երկրի բրենդի ձևավորումն իրականացնելուց առաջ որոշակի այլ քայլերի անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` նախ այն պետք է ներառվի ՏՏ տասնամյա ռազմավարության գործողությունների պլանում: «Տեխնոլոգիաները պետք է գերիշխեն, որովհետև սա է մեր միակ առավելությունը: Մեր տնտեսության լուսավոր կետը տեխնոլոգիաներն ու ինովացիան է: Մենք ուզենք թե չուզենք պետք է գնանք դրան»,-ասաց փոխնախարարը:

Էմիլ Տարասյանը նաև կարծում է, որ տեխնոլոգիաների ոլորտում մեր երկիրը հասել է մի մակարդակի, որ իր նշաձողը սահմանի ու առանձնահատկությունը շեշտադրի:  «Խոսվում է ստարտափ հանգույցի մասին, բայց Իսրայելն արդեն հասել է դրան: Մենք նոր նշաձող պետք է սահմանենք, որը դեռ բաց է»,-եզրափակեց նա:

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am