Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ պարտության առջև է կանգնած. Սաֆրաստյան

Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ պարտության առջև է կանգնած. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն այնքան լուրջ նշանակություն չունի, որքան Սիրիան: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պատասխանը Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերին: «Թուրքիան այս պահին լուրջ աշխարհաքաղաքական պարտության հնարավորության առջև է կանգնած: Դրա համար Թուրքիան ինչ-որ տեղ նաև դրդեց Ադրբեջանին գնալ ապրիլյան ագրեսիային: Բայց հիմա, ես չեմ կարծում, որ թուրքական դիվանագիտությունը շատ մեծ ջանքեր կգործադրի Ռուսաստանի այս շատ փոքր դիվանագիտական հաջողության դեմ որևէ քայլեր ձեռնարկել: Մյուս կողմից էլ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքով միշտ էլ զգացել է Թուրքիայի օժանդակությունը: Այս առումով, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի նոր ագրեսիա, նոր պատերազմ սանձազերծել, ես համոզված եմ, որ Թուրքիայից կստանա մեծ օժանդակություն և կխրախուսվի դրա համար, բայց նախաձեռնությունը կգա դրանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սաֆրաստյանը:

Անդրադարձ կատարելով Սիրիայում ծավալվող իրադարձություններին՝ բանախոսը նշեց, որ այնտեղ ամեն ինչ գնալով ավելի է խճճվում: Նրա խոսքով՝ Սիրիայում գնալով ավելանում է ռուս-ամերիկյան բախման հնարավորությունը: «Պատահական չեն վերջին երկու հայտարարությունները երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի կողմից, որ մեկը մյուսի նկատմամբ համբերությունը սպառվում է: Այս պայմաններում Թուրքիան կորցնում է իր դիրքերը, քանի որ անցյալ տարվա ընթացքում վատթարացրել է իր հարաբերությունները «Իսլամական պետության» հետ ու արդեն հասցրել է մի քանի հարված ստանալ իր տարածքում ահաբեկչական գործողությունների տեսքով: Այսինքն, Թուրքիան կորցրեց տարիների ընթացքում «Իսլամական պետությանն» աջակցություն ցույց տալու արդյունքները»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո Թուրքիան փորձել է լավ հարաբերություններ հաստատել Սիրիայում գործող «Ջաբհատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման հետ, սակայն Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի իշխանություններն ավելի են ուժեղացրել այդ խմբավորման դեմ հարվածները: «Այս առումով Թուրքիան չի կարողանում այդ խմբավորմանն այնքան ուժեղացնել, որպեսզի կարողանա լուծել իր խնդիրները: Մյուս կողմից, կորցնելով Սիրիայում իր հենարանը՝ «Իսլամական պետությունը», Թուրքիան թուլացրել է նաև իր դիվանագիտական  և ճնշում գործադրելու հնարավորությունները: Թուրքիայի հետ հիմա ավելի քիչ են հաշվի նստում Սիրիայի ընդդիմադիր ուժերը: Այնպես որ Թուրքիան, կարծես, դուրս է մղվում Սիրիայում  հիմնական խաղացողների թվից դիվանագիտական առումով: Այսինքն, այն տարիների աշխատանքը, որ տարավ Թուրքիան Սիրիայում իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, ջուրն ընկավ»,- հավելեց արևելագետը:

Սաֆրաստյանը Թուրքիայի համար վտանգավոր է համարում նաև քրդական գործոնը՝ ընդգծելով, որ Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից ստեղծված ինքնավարությունը գնալով ավելի ամուր տեսք է ստանում: «Սա երկարաժամկետ գործոն է, և Թուրքիան ոչ մի կերպ չի կարող սրա վրա ազդել: Այսինքն, ինքը վերջիվերջո Սիրիայի տարածքում և իր սահմանի վրա ստացավ քրդական ինքնավարություն, ինչը չկար մինչև Թուրքիայի միջամտությունը Սիրիայի հակամարտությանը: Այսինքն, այն խնդիրները, որ Թուրքիան իր առաջ դրել էր, չլուծվեց, այլ փոխարենը ստացավ նոր խնդիրներ՝ ի դեմս փախստականների և քրդական ինքնավարության: Դրա համար, ես կարծում եմ, որ ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիայի ղեկավարությունը նաև զինված ուժերի ճնշման ներքո ստիպված կլինի թուլացնել ակտիվությունը Սիրիայում»,- մանրամասնեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ արդեն Թուրքիան կարող է դիվանագիտական առումով մեծացնել ակտիվությունը Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ Թուրքիան այնպիսի պետություն չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ակտիվ դիվանագիտություն մի քանի ուղղություններով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am