Երևանյան բեսթսելեր 4/18. Հայ ընթերցողը նախապատվությունը տալիս է Սպենսեր Ջոնսոնին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակի առաջատարն այս շաբաթ «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտորՍպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Երկրորդ հորիզանականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենտխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ:
Երրորդ տեղում գտնվող «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, Գաբրիել Գարսիա Մարկեսի ամենաճանաչված երկերից մեկն է, որ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» այս շաբաթ չորրորդն է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:
Հինգերորդ տեղում հայտնված Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքներն ու հարցազրույցները ամփոփող ժողովածուն մտնում են համաշխարհային գրականության ոսկե ֆոնդերի մեջ:
Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոցը» այս շաբաթ վեցերորդ տեղում է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։
Յոթերորդ հորիզոնականում է Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը: Գրքում ներառված են XXդարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը,որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ,որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից:Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը:Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Ութերորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ հակաուտոպիական վեպը իններորդն է: 1949 թ.հրատարակված այս վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։
Վարկանիշային աղյուսակի տասներորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +6 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 20 | |
2 | +4 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 13 | |
3 | -1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 9 | |
4 | +5 |
.Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 9 | |
5 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 8 | |
6 | -3 |
Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոցը» |
Անտարես | 7 | |
7 | -2 |
Խորխե Լուիս Բորխես «Բաբելոնյան գրադարան» |
Անտարես | 7 | |
8 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 6 | |
9 | -5 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 5 | |
10 | * |
Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» |
Զանգակ | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում