Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Խորհրդարանը քննարկում է քաղաքական համաձայնության արդյունքում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը

Խորհրդարանը քննարկում է քաղաքական համաձայնության արդյունքում ԸՕ-ում 
փոփոխություններ կատարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը սկսել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին երկու նախագիծ: «Մենք երկու նախագիծ ենք ներկայացրել, քանի որ առաջարկվող փոփոխությունների մի մասը ֆինանսական միջոցներ չի պահանջում և կարելի է շատ հեշտ իրականացնել: Երկրորդ նախագիծը կապված է ֆինանսական միջոցների հետ: Երբ մենք մեր գործընկերների հետ քննարկում էինք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, բազմաթիվ հավաստիացումներ են եղել, որ ֆինանսական միջոցներ կլինեն: Քանի որ մինչ այս պահը մենք չունենք ֆինանսավորման մասին որոշում, չենք կարող երաշխավորել, որ այդ ֆինանսական միջոցները կլինեն: Մեր հաշվարկներով համապատասխան փոփոխությունները կյանքի կոչելու համար կպահանջվի մոտավորապես 16 միլիոն եվրո, որից 3 միլիոն եվրոն կառավարությունը պատրաստ է հատկացնել: Դրա համար մենք երկրորդ նախագծի ուժի մեջ մտնելը պայմանական ենք համարում: Այսինքն, այն փոփոխությունները, որոնք ֆինանսավորում են պահանջում, մենք կընդունենք մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորում ստանալու ակնկալիքով: Բայց եթե մեզ չհաջողվի մինչև սեպտեմբերի 1-ը ստանալ այդ ֆինանսական միջոցները, փոփոխությունները չեղյալ կհամարվեն: Այն փոփոխությունները, որոնք ֆինանսավորում չեն պահանջում, ուժի մեջ կմտնեն ընդունվելուց 10 օր հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Հարությունյանը:

Հիմնական զեկուցողը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն հարկավոր կլինի: Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետեւյալ դրույթները. 
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Ընդ որում, տեսանկարահանումը պետք է իրականացվի Կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: «Առաջարկում ենք ներդնել ընտրողների մատնահետքերով էլեկտրոնային գրանցման նախնական համակարգ: Այսպես, առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Այն դեպքերում, երբ անձը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և սահմանված ժամկետում չի ստացել նույնականացման քարտ և չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար, ապա նա կարող է մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում»,- ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:

Առաջարկվում է քվեարկության օրը ընտրական տեղամասերում ընտրողների գրանցումը կատարել  տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով: Այսպես` քվեարկության օրը յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի ճանաչման արդյունքում պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող և եթե մինչ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների մատչելիությունն առավել հասանելի դարձնելու համար ներդրվել է հետեւյալ մեխանիզմը. «Գործող ընտրական օրենսգիրքը ցուցակների ստուգումն իրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդ որում տեղեկանքի մեկական օրինակ ըստ պահանջի տրամադրվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի:  Բացի դրանից տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվում է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվում լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավորումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է, այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև  ժամը 11.00-ն կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Հիմնական զեկուցողը ներկայացրեց նաև այն փոփոխությունները, որոնք ֆինանսական միջոցներ չեն պահանջում և ուժի մեջ կմտնեն ընդունվելուց 10 օր հետո: «Թեև ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ դիտորդների համար իրականացվող ստուգարքի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ստուգումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել դիտորդի համար սահմանված ստուգարքի պահանջները»,- ասաց Հարությունյանը:

Գործող ընտրական օրենսգրքում ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետները: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է կրկին անդրադառնալ բողոքարկման ժամկետներին և ավելի երկարաձգել դրանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am