Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հռոմի Պապը գոհություն է հայտնել Տիրամորը` Հայաստան այցի դրական արդյունքի համար

Հռոմի Պապը գոհություն է հայտնել Տիրամորը` Հայաստան այցի դրական արդյունքի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին քրիստոնյա երկիր` Հայաստան կատարած պատմական այցից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախքան Վատիկան վերադառնալը այցելել է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը` աղոթելով Տիրամոր սրբապատկերի առաջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով news.va-ն, Հռոմի Սրբազան Քահանայապետը գոհություն է հայտնել Տիրամորը` առաքելական այցելության դրական արդյունքի համար:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Պապը մեկնել է Վատիկան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am