Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ընտրական օրենսգրքի բարելավման համար դոնոր կազմակերպությունները շահագրգռված են ֆինանսական միջոցներ տրամադրել

Ընտրական օրենսգրքի բարելավման համար դոնոր կազմակերպությունները շահագրգռված են 
ֆինանսական միջոցներ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների և ընդդիմության միջև կայացած համաձայնությունը կոնսենսուս էր հանուն փողի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ընդգծեց, որ կոնսենսուս հանուն փողի չի լինում: «Կոնսենսուս լինում է հանուն քաղաքականության և վստահության: Այն, որ այդ կոնսենսուսը գումար է պահանջում, դա փաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Հարցին՝ եթե չհաջողվի անհրաժեշտ գումարները գտնել, ի՞նչ է լինելու, Հարությունյանը պատասխանեց. «Եթե գումարներ չեղան, այդ համաձայնագին առոչինչ է, և կգործի գործող Ընտրական օրենսգիրքը՝ որոշ բարելավումներով: Այդ գումարները գտնելու եղանակներն էլ ամրագրված են համաձայնագրում: Հստակ նշված է, որ այս համաձայագիրը հենց այն հիմքն է, որով թե ընդդիմությունը, թե իշխանությունը դիմում են դոնոր հանրությանը: Դրանից զատ, գնալ առանձին գումարներ ուզելն անթույլատրելի ենք համարում»: Նա նաև հավելեց, որ դոնոր կազմակերպությունների մոտ շահագրգռվածություն կա Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման համար գումարներ տրամադրելու առումով:

ՀՀ կառավարության ղեկավար-նախարարը հավելեց, որ Հայաստանում Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնությունը յուրահատուկ գործընթաց է՝ նկատելով, որ նախկինում տարածաշրջանում երբեք նման փորձ չի եղել, որ իշխանությունը և ընդդիմությունը նման սկզբունքային հարցի շուրջ համաձայնության գան: «Կհաջո՞ղվի մեզ գտնել համապատասխան գումարներ այդ համաձայնության արդյունքներն ամրագրելու համար, ես չեմ կարող ասել: Հուսամ, որ կհաջողվի, և կառավարությունն ինքը մասնակից լինելու է այս գործընթացին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ կառավարությունն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների երկու փաթեթ է ներկայացրել՝ ընդգծելով, որ փոփոխությունների առաջին փաթեթն ուժի մեջ է մտնելու անմիջապես: «Այնպես որ, մենք էական բարելավումներ իսկապես անում ենք, իսկ որոշ բարելավումներ կախված են ֆինանսավորումից»,- ընդգծեց նա:

Հարությունյանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե ԵՄ-ի հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ ԵՄ-ն գումարներ կհատկացնի, եթե իշխանության և ընդդիմության միջև կոնսենսուս լինի: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ որևէ նախնական համաձայնություն չի եղել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am