Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուստամյանը բանակցություններում առաջընթացի կարևոր պայման համարում է Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը

Ռուստամյանը բանակցություններում առաջընթացի կարևոր պայման համարում է Ադրբեջանի 
կողմից ԼՂ անկախության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարություններում ներկայացրել է ոչ թե իրականությունը, այլ ընդամենն իր ցանկությունները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ եթե իրականում Սանկտ Պետերբուրգում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերած լինեին հակամարտության կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, դա կհրապարակվեր և բոլորը կիմանային այդ մասին: «Իրականում հրապարակվում է այն, ինչի շուրջ ձեռք է բերվում համաձայնություն: Այս ամենից էլ բխում է, որ, հավանաբար, պարոն Ալիևի համար ոչ ձեռնտու ընթացք է ստացել հանդիպումը: Դա երևում է նրա մի քանի հայտարարություններից՝ վստահության մեխանիզմների ներդրման հարցը շրջանցելուց, ինչը շատ կարևոր է, որպեսզի մենք ապագայում չունենանք նույն անհասցե հայտարարությունները: Այս ամենից բխում է, որ Ալիևին ձեռնտու չէ վստահության մեխանիզմների ներդրումը, քանի որ նա պատրաստվում է շարունակել հրադադարի խախտումները և չի ցանկանում, որ դա արձանագրվի միջազգային կառույցների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը դեռ չի հասկացել, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու որևէ փոխզիջման, զիջման մասին խոսք գնալ չի կարող: «Մենք առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում, երբ մի բան է տեղի ունենում բանակցային սեղանի շուրջ, այնուհետև Ադրբեջանը փորձում է վերականգնել իր նախկին դիրքորոշումը: Ես համոզված եմ, որ Ալիևի նման հայտարարությունները արվում են ներքին սպառման համար: Գոյություն ունի երկու տեսակի Ալիև՝ մեկն Ալիևն է բանակցությունների սեղանի շուրջ, մյուսը՝ իր գազին բազմած սուլթանը, ով խոսում է Բաքվից, և սրանք տարբեր մարդիկ են: Ու հիմա էլ կատարվում է այն, ինչ կանխատեսելի էր: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք բանակցություններում դրական առաջընթաց կարձանագրենք միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը իսկապես բանակցելի կողմ կդառնա, երբ կհասկանա, որ ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, որից հետո արդեն հնարավոր կլինի  հաջողություններ արձանագրել»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մշտապես երկակի խաղ է խաղացել՝ ցույց տալով, թե ցանկանում է խաղաղություն, սակայն մյուս կողմից դիմում է տարատեսակ սադրանքների, որոնք հանգեցնում են հակամարտության գոտում իրավիճակի սրմանը: Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևի պահվածքը խոսում է այն մասին, որ այդ մարդը չի կարողանում միջազգային չափանիշներին համապատախսան բանակցություններ վարել՝ խախտելով նույնիսկ էթիկայի տարրական կանոնները: «Ալիևի այս պահվածքը առաջին հերթին ազդակ պետք է լինի նաև միջնորդ կողմերին: Ծրագրվում է նախագահների նոր մակարդակով հանդիպում նաև Ֆրանսիայում, բայց եթե այսպես պետք է շարունակվի, անհասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդելու այդ հանդիպումները»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am