Չեմ տեսնում որևէ հեռանկար, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար ԵՄ- ին միանալու հարցում. ՀՀ Նախագահ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է, որ ավելի շատ երկրներ որպես ցեղասպանություն կճանաչեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայերի կոտորածները՝ Հռոմի Պապի նկատառումներից, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագի դիրքորոշումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Reuters»-ին տված հարցազրույցում:
«Հռոմի Պապի սկզբունքային դիրքորոշումը և Բունդեսթագում արտահայտված տեսակետները ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Գերմանիան շատ կարևոր, նշանակալի դերակատարություն ունի միջազգային հարթակում, և այս որոշումը կծառայի որպես լավ օրինալ այլ ազգերի համար` նրան հետևելու և նրանից սովորելու գործում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ Reuters-ի, Նախագահը քննադատել է ԵՄ-ին միանալու ձգտումների շուրջ Թուրքիայի դիրքորոշումը ` ասելով, որ Անկարան այդպես փորձում է օգտագործել բռնապետական քաղաքականությունը Միության վրա ճնշում գործադրելու համար:
«Ես չեմ կարծում, որ Թուրքիան այն դերակատարն է, որը կարող է հարկադրել իր տեսակետները կամ փորձել ճնշում գործադրել Եվրամիության վրա: Ես անկեղծորեն չեմ տեսնում որևէ հեռանկար, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար Եվրամիությանը միանալու հարցում»,-ասել է նախագահը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում