Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա. հայկական բիզնեսը փնտրում է շուկաներ, որտեղ ճանապարհների խնդիր չունի

Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա. հայկական բիզնեսը փնտրում է շուկաներ, որտեղ 
ճանապարհների խնդիր չունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն աճող տնտեսություն ունի, և այնտեղ ապրանքների մեծ ծավալների կարիք է զգացվում: Դա հնարավորություն է, որպեսզի հայաստանյան ապրանքներն իրենց տեղը գտնեն Չինաստանի շուկայում: Այս մասին հունիսի 28-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Ես միշտ բարձրաձայնել եմ` մենք պետք է փնտրենք շուկաներ, որտեղ  ճանապարհների խնդիր չունենք, մասնավորապես, Չինաստանի, Ճապոնիայի,  Հնդկաստանի, Կորեայի շուկաները: Դրանք այն տարածքներն են, որտեղ մենք խնդիր չունենք: Տարօրինակ կթվա, բայց հազարավոր այդ կիլոմետրերի փոխադրման ինքնարժեքն ավելի էժան է, քան Երևանից Ղազախստան»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով, բացի հանքարդյունաբերությունից, Հայաստանն արտահանման պոտենցիալ ունի մթերքի վերամշակման, պտուղ բանջարեղենի, պահածոների, ջրեղենի,  խմիչքի արտադրության ոլորտում: Արսեն Ղազարյանը նկատեց, որ չինական շուկայում պայմանագրերը ստիպում են, որ դիմող ընկերությունը արտադրության մեծ ծավալներ ունենա:

«Ծավալների համար Արարատյան դաշտավայրի անմշակ հողերից պետք է ավելացնել մշակվող հողերի ծավալը, որպեսզի արտադրությունը մեծանա և ամեն մի ապրանքատեսակից պահանջվող քանակն առանց խնդիրների կարողանա տեղ հասնել: Երբ մեր գործարարները տեսնեն, որ շուկա կա, անպայման ներդրումներ կհայթայթեն, պետությունն էլ աջակցման ծրագրեր կիրականացնի»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Լրագրողները նկատեցին, որ այսօր գինու գործարանները «պայթում են» սպիրտի ծավալներից, չեն կարողանում իրենց ապրանքն իրացնել, հետևաբար տեղ չի բացվում նոր սպիրտի պահեստավորման համար. ի՞նչ է արվում, որ այդ պաշարներն իրացվեն: Արսեն Ղազարյանը նշեց, որ կոնյակի երկու գործարանների ապրանքներն արդեն տարվել են Չինաստան:

«Եթե կոնյակի մեկ-երկու տեսակ չինական շուկայում իր տեղը գտնի ու սառույցը կոտրվի, ապա մեկ տարում կքամենք գինու գործարանների ամբարները, հակառակ դեպքում այս տարվա բերքի կուտակման տեխնիկական խնդիր կունենանք: Գործընթացն ընթացքի մեջ է, առաջիկայում ակնկալվում են լավ ցուցանիշներ»,-հավելեց Արսեն Ղազարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am